«Քննադատություններս անձնավորված չեն». Ազոյանը պնդում է՝ չի փորձում վարկաբեկել Հայկ Մարությանին

Ֆեյսբուքյան օգտատերերից մեկի հարցին, թե ճիշտ է, որ նա վերջերս ծեծի է ենթարկվել ուրիշի կնոջը անպարկեշտ առաջարկ անելու համար, դերասանը արձագանքեց. — «Նախ ինձ ծեծի չեն ենթարկել, այդ անձը հասցրել է ինձ հարվածել, բայց ծեծի չեն ենթարկել: Ինչ վերաբերում է դեպքի բովանդակությանը, նախաքննություն է ընթանում, շատ մանրամասն չեմ ասի, կասեմ կարճ՝ այդ անձնավորությունը նեղացնում էր բոլորին այնտեղ, այդ միջավայրում մարդիկ հավաքվել էին և երաժշտություն էին վայելում, նեղացնում էր բոլորին՝ տղամարդ, թե կին, բոլոր աղջիկներին: Ես տեսա, որ այնտեղ ինչ-որ մի աղջկա նկատմամբ ֆիզիկական ուժ է կիրառում, ինձ էլ, իրեն էլ անծանոթ մի աղջկա: Կներեք, խմում են բոլորը, բայց այդպես չեն պահում բոլորը, իսկ ով որ հասարակական կարգ է խախտում, պիտի պատժվի», — պատմեց Ազոյանը՝ հավելելով, որ ինքը քաղաքակիրթ նկատողություն է արել այդ տղամարդուն, ինչից հետո կռիվ է հրահրել:

Մեկ այլ օգտատեր հետաքրքրվել էր, թե ինչու է դեմ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ հավելելով, որ տպավորություն կա, որ անձնական և նախկինում «չմարսված գործնական հարցեր կան», ինչի պատճառով փորձում է վարկաբեկել Մարությանին: Հովհաննես Ազոյանը նախ նկատեց՝ քաղաքացու մոտ սխալ տպավորություն է. — «Հայկ Մարությանի հետ ես ընկերություն եմ արել 15 տարի հավանաբար, նրան շատ լավ ճանաչում եմ, նրա բնավորության գծերը, և ուրախ էի, որ նա սկսել էր հասարակական-քաղաքական գործունեություն: Շատ ուրախացա, որովհետև ես մի փոքր ավելի շուտ էի ակտիվ զբաղվում հասարակական գործունեությամբ, բայց շատ ուրախացա, որ զբաղվում է: Իմ քննադատություններն անձնավորված չէ, եկեք սա ֆիքսենք, իմ քննադատությունները երևույթին են ուղղված, ոչ թե ինչ-որ անձի, երբեք այդպես չի եղել, անգամ նախկին իշխանության ժամանակ»:

Ազոյանը նշեց՝ կարող է աղբահանության մասով գովեստի խոսքեր ասել. — «Վստահ եմ, որ Հայկ Մարությանը շատ աշխատասեր է, գնահատում եմ նրա աշխատասիրությունը, բայց միայն աշխատասիրությունը քիչ է, աշխատասիրությունը պետք է ունենա բովանդակություն, ուղղվածություն, թիրախներ, կոնկրետ հեռահար նպատակներ ու դրանց լուծման ձևերը: Երբ ստանձնեց, մեր Երևանն այնքան խնդիրներ ուներ, որ ինքը այդ խնդիրների փլատակի տակից դեռ դուրս չի եկել, բայց ես՝ որպես պահանջատեր քաղաքացի, որ իր քվեն տվել է Մարությանին, պահանջելու եմ հետևողականորեն իմ պատկերացումները քաղաքի զարգացման գործում»:

Ինչ վերաբերում է այս կառավարության վերաբերյալ իր գնահատականին, ապա դերասանն ասաց. — «Սա այն կառավարությունն է, որին ես վստահում եմ, բայց ես հետևողական քննադատելու եմ, եթե քննադատելու առիթը տեսնեմ: Չի կարելի ասել՝ այո, սա այն կառավարությունն է, որի մասին երազում էինք և վերջ, նստենք բազմոցին և նայենք իրար երեսի: Ես դեմ եմ: Այո սա այն կառավարությունն է, որին մենք վստահում ենք, և մենք այս կառավարությունից պիտի պահանջենք բաներ, որը մեր կյանքը կսարքի ավելի բարեկեցիկ և կզարգացնի մեր պետությունը»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ