Կաթնամթերք մշակելու ամենահին գործիքը՝ խնոցի

Հայկական խոհանոցը հնագույներից է աշխարհում, եթե ոչ ամենահինը:
Մեր ազգային խոհանոցի յուրահատկություններից է նաև այն, որ մեր նախնիք ստեղծել են պաշար անելու մշակույթ: Կաթնամթերք մշակելու հնագույն գործիքը դա խնոցին է՝ փայտից կամ կավից պատրաստված տարա է, որի միջոցով կաթի սերից ստանում էին կարագ և թան: Կարագը օգտագործվում էր ուտեստներ պատրաստելու համար: Թանը եռացնում էին, ստացված լոռից չորացնում էին և ստանում էին չորաթան, պաշար անելու համար:

Հայաստանում գործածվում է Խնոցու երկու տեսակ
• Առաջինը՝ կավե կարասաձև անոթ է, որը հարում էին գետնին նստած
• Երկրորդը՝կավե կամ փայտե, երկարավուն, որը կախում էին առաստաղի գերաններից:

Վանի թագավորությունում զարգացած էր կաթնատնտեսությունը: Տարածաշրջանում ներկայումս գործածվող խնոցիները ապշեցուցիչ կերպով նման են Կարմիր Բլուրի պեղումների ժամանակ հայտնաբերված խնոցիներին:

Վաղբրոնզեդարյան հնագիտական համալիրների պեղումներով հայտնաբերված խեցեղեն հավաքածուներում առկա են կաթնամթերքի վերամշակման նպատակով պատրաստված անոթներ, որոնք համարվում են «խնոցիների նախատիպերը»:
Կուր-արաքսյան խեցանոթների շարքում որոշակի թիվ են կազմում կավե թրծված ամբողջական խնոցիները կամ դրանց բեկորները :

Վաղբրոնզեդարյան խնոցիներներ են հայտնաբերվել Շենգավիթ հնավայրում, Նախճավանում, Գառնիում և Կուր-Արաքսյան այլ հուշարձաններում: Հայկական լեռնաշխարհում նմանօրինակ կավանոթ է հայտնաբերվել նաև միջին բրոնզեդարյան հուշարձաններից մեկում: Պատմական Հայաստանի Փայտակարան նահանգում վաղբրոնզեդարյան բնակատեղում հայտնաբերված խեցանոթների թվում կան նաև խնոցիներ: Վաղ շրջանի խնոցիները ձևով նման են սափորների:
Միջին բրոնզի շրջափուլում Հայկական լեռնաշխարհում առաջացել է խնոցու նոր տիպ, որն ավելի է կատարելագործվել հետագայում՝ երկաթի դարաշրջանում: Զարգացած անասնապահության պայմաններում կավե խնոցիների գտածոների սակավությունը հուշում է, որ միջին բրոնզի դարաշրջանում կարագ ստանալու համար, ըստ երևույթին, լայնորեն գործածվել են տիկերը:

Կավաթուրծ խնոցիները Հայկական լեռնաշխարհում հատկապես լայն տարածում են ստանում ուշ բրոնզի դարաշրջանում: Ուշ բրոնզեդարյան խնոցիներիների անցքերը դրսից օղակվում են կլոր ելուստով: Խնոցիներ են հայտնաբերվել պատմական Ուտի Առանձնակ գավառի ուշբրոնզեդարյան դամբարաններում և Շակաշենի (Գանձակի տարածաշրջան) քարարկղներից մեկում:
Երկաթի դարաշրջանում կաթնատնտեսության բարձր մակարդակի մասին է վկայում է յուղամանների առկայությունը, որոնցից մեկը հայտնաբերվել է Ծովակ գյուղի մի դամբարանում: Քննարկվող անոթի բերանը փակված է եղել քարե կափարիչով:
Խնոցի հարելը ընդհանրապես երիտասարդ աղջիկների և հարսների գործն էր, իսկ թանը քամելու և յուղը հանելու վրա հսկում էին ավելի փորձառու կանայք:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ