Գյումրիի «Թռչունյան տուն» խնամքի կենտրոնը այսօրվանից սկսվում է լուծարվել

Գյումրիի «Թռչունյան տուն» խնամքի կենտրոնը լուծարվում է, իսկ երեխաներին ընտանիք վերադարձնելու պարտավորությունը ստանձնում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը: Այս մասին այսօր հայտարարել են նախարարության և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչները, որոնք հանդիպել են խնամքի կենտրոնի աշխատակիցներին ու սաների ծնողներին:

Հիշեցնենք, որ 6 ամիս է՝ «Թռչունյան տան» ֆինանսավորումը դադարեցվել է, իսկ նոր բարերարների փնտրտուքը արդյունք չի տվել: Ֆինանսավորման բացակայությունը նաև գիշերօթիկների լուծարման կառավարության մոտեցումը հանգեցրել են «Թռչունյան տունը» լուծարելու վերջնական որոշման:

Վերջին 6 ամիսների ընթացքում «Թռչունյան տունը» տարբեր կառույցների ուշադրության կենտրոնում էր: Իսկ հուզող հարցը մեկն էր՝ ինչ պայմաններ են խնամքի կենտրոնում, և արդյո՞ք դրանք են եղել ֆինանսավորումը դադարեցնելու պատճառ:

Այս կապը հաստատող կամ հերքող տվյալներ չկան, բայց ՄԻՊ-ի հրապարակած զեկույցում «Թռչունյան տուն» մանկատանն արձանագրված մտահոգիչ խնդիրներն են տեղ գտել:

Ըստ զեկույցի՝ Պաշտպանի աշխատակազմի այցերի ընթացքում բացահայտվել են խնդիրներ, որոնք հանգեցնում են երեխաների իրավունքների կոպիտ խախտման։ Բայց այսօրվա քննարկումը, որը աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության և Մայր Աթոռի ներկայացուցիչներն էին կազմակերպել, այդ խնդիրների մասին չէր:

Խնամքի կենտրոնը, որպես այդպիսին, այլևս չի գործելու, իսկ երեխաներին ընտանիք վերադարձնելու գործը աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունն է ստանձնել: «Թռչունյան տան» 81 սաները երկու տարբեր կարգավիճակ ունեն: Նրանց ընտանիք վերադարձի համար համապատասխանաբար երկու տարբերակ է նախարարությունն առաջարկում:

Ընտանիքներին նախարարությունն առաջարկում է սոցիալական աջակցություն, ինչպես լուծարման ենթակա բոլոր մյուս գիշերօթիկ հաստատություններում: «Թռչունյան տան» սաներից 30-ը չի կարող ընտանիք վերադառնալ: Կա՛մ գնալու տեղ չունի, կա՛մ էլ ընտանիք վերադարձը ռիսկային է: Այդ սաներից մեկն էլ ներկայացրեց իր տարբերակը, թե ինչու է դադարեցվել «Թռչունյան տան» ֆինանսավորումը:

Ըստ նրա՝ խնդիրը «Թռչունյան տան» տնօրենն ու աշխատակազմն են: Նա առաջարկել է քննարկման մասնակիցներին փոխել տնօրինությանը:

Լուծարման գործընթացը սկսվելու է այսօրվանից ու աստիճանական է լինելու: Ծնողները պետք է համապատասխան դիմումներ ներկայացնեն մարզպետարան, որով իրենց համաձայնությունը կտան երեխաներին թիվ 2 խնամքի կենտրոն կամ ընտանիք վերադարձնելու համար: Իսկ Մայր Աթոռը, որին պատկանում է խնամքի կենտրոնի շենքը, այն տնօրինելու տարբերակներ է քննարկելու: Չեն բացառում, որ գիշերօթիկ խնամքի կենտրոնի փոխարեն նույն տեղում ցերեկային կենտրոն բացվի:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ