«Եղել են պահեր, երբ չեմ կարողացել զսպել արցունքներս բեմում». «Ազգային երգիչ» նախագծի հաղթող Հարությունը իր նոր երազանքի մասին

«Շանթ» հեռուստաընկերության «Ազգային երգիչ» նախագծի հաղթող Հարություն Մկրտչյանը սիրվեց և հուզեց բազմաթիվ հանդիսատեսների: Նախագծի ավարտից հետո երգչի համար նոր հորիզոններ են բացվել:

«Նախագծից հետո տարբեր երգահանների կողմից ստեղծագործություններ կատարելու շատ առաջարկներ եմ ստացել: Այդ առաջարկները ընդունելու համար պետք է խորհրդակցեմ «Շանթ» հեռուստաընկերության հետ, բացի այդ՝ նախատեսվում է համերգ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Այս ամենի մասին կկարողանամ խոսել ավելի ուշ»:

Տարիներ շարունակ սովորելով և որոշ չափով անցնելով երաժշտական այս բարդ ճանապարհը՝ Հարությունը նշում է, որ հեղինակային երգեր կատարելու ցանկություն միշտ է ունեցել. «Ես մեծ պատասխանատվությամբ եմ վերաբերվում հեղինակային երգեր կատարելուն, սակայն որոշակի խնդիրների պատճառով չեմ կարողացել իրականացնել իմ երազանքը: «Ազգային երգիչ» նախագծին մասնակցելով, շփվելով պրոֆեսիոնալ երաժիշտների, պրոդյուսերների հետ՝ ձեռք բերեցի էլ ավելի շատ գիտելիքներ և փորձ, որոնք ինձ այժմ թույլ են տալիս ներկայացնել իմ հանդիսատեսին հեղինակային երգեր և տեսահոլովակներ: Հուսով եմ՝ մոտ ապագայում այդ երազանքս կիրականանա»:

Հարությունը նշում է, որ նախագծում կատարած բոլոր երգերը շատ հոգեհարազատ էին, բայց Սասուն Պասկևիչյանի «Մայրս», Ալեքսեյ Հեքիմյանի «Իմ Անին» և Սայաթ-Նովայի «Դուն իմ գլխին» ստեղծագործություններն առանձնահատուկ էին. «Շատ են ինձ ասել, որ Սասուն Պասկևիչյանի «Մայրս» ստեղծագործությունը եղել է իմ հաջողության գրավականը»:

Երգչի կատարումները գրեթե միշտ հուզում էին հանդիսատեսին, ինքն էլ անկեղծանում է. «Դեպքեր են եղել, երբ ինքս էլ չեմ կարողացել զսպեմ արցունքներս բեմում: Իմ կարծիքով արտիստը պետք է լինի անկեղծ մարդ թե՛ բեմում և թե՛ կյանքում: Ինձ համար արտիստի ամենաբարձր հատկանիշը լավ մարդ լինելն է»:

Այն հարցին՝ շարունակելո՞ւ է կատարել ազգային երգեր, թե՞ ժանրային փոփոխություններ էլ կլինեն, Հարությունը պատասխանեց․ «Ինձ համար առաջնային են մեր ազգային երգերը և ոգին: Հետագայում միգուցե ներկայանամ նաև այլ ոճում: Իսկ իմ ստեղծագործական ճանապարհը պատկերացնում եմ մաքրամաքուր, հայեցի և ժամանակակից: Ես խնդրում եմ Աստծուն, որ նա ինձ միշտ օգնի գտնել աշխարհում այն ամենը, ինչը նախատեսված է ինձ համար ի վերուստ»:

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ