Իրանում ուկրաինական օդանավի կործանման հիմնական վարկածներից մեկը ռուսաստանյան «ՏՈՐ» համակարգով խոցումն է

Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը հայտարարել է, որ Իրանում ուկրաինական օդանավի կործանման գլխավոր վարկածներից մեկը ռուսաստանյան «ՏՈՐ» զենիթահրթիռային համակարգով խոցումն է, տեղեկացնում է currenttime.tv-ն:

Օդանավի աղետի հանգամանքների ուսումնասիրման հանձնաժողովի ուկրաինացի փորձագետները, ըստ նրա, արդեն Իրանում են եւ մեկնում են դեպքի վայր: Այնտեղ նրանք մտադիր են փնտրել հենց ռուսաստանյան հրթիռի բեկորները:

«Մեր հանձնաժողովը մտադիր է կատարել ռուսաստանյան «ՏՈՐ» ԶՀՀ-ի բեկորների որոնումներն այն տվյալների համաձայն, որոնք հրապարակվել էին համացանցում»,-նշել է Դանիլովը:

Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղարը հայտնել է, որ ուկրաինական հանձնաժողովի կազմում ընդգրկված են նաեւ մասնագետներ, ովքեր մասնակցում են մալայզիական օդանավի աղետի հետաքննությանը, որը կործանվել էր 2014թ.-ի հուլիսի 17-ին՝ Դոնբասում: Այդ ինթնաթիռը, Միջազգային քննչական խմբի վարկածով, խոցվել էր «ԲՈՒԿ» զենիթահրթիռային համակարգով՝ անջատողականների կողմից վերահսկվող տարածքից:

Դանիլովը նշել է, որ Թեհրանում ուկրաինական օդանավի կործանման հիմնական վարկածներն են.

Օդանավի խոցումը զենիթահրթիռային համակարգի հրթիռով.

Անօդաչու թռչող սարքի կամ այլ թռչող օբյեկտի հետ բախումը.

Շարժիչի խափանումը կամ պայթյունը տեխնիկական պատճառներով.

Ահաբեկչական ակտի արդյունքում պայթյունն օդանավի ներսում:

Հիշեցնենք, որ հունվարի 8-ին Թեհրան-Կիեւ չվերթն իրականացնող օդանավը կործանվել էր թռիչքից րոպեներ անց: Զոհվել էր 176 մարդ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ