Հանրապետության հրապարակի հնավայրերը կարող են նոր կյանք ստանալ

Քայլելով մայրաքաղաք Երևանի տարբեր հատվածներով՝ քչերը գիտեն, որ քայլում են «թաղված» հուշարձանների վրայով: Այդպես է նաև Հանրապետության հրապարակում:

2003-ին՝ երբ Լինսի հիմնադրամի միջոցներով վերանորոգվում էր հրապարակը, շինարարները հանդիպել են պատնեշի և հնագետներ հրավիրել: Պարզվել է՝ հրապարակի ողջ տարածքում 17-րդ դարի շինություններ են:

1837 թ., երբ ցարական ժամանակաշրջանում սկսվել է Երիվանի նոր նախագծի գծագրումը, կառուցվել է քաղաքի հրապարակը, որի տակ էլ անցել են հին շինությունները:

Հրապարակի «առաջին հարկի» շինություններն ավերվել են երկրաշարժից, որն ըստ Զաքարիա Սարկավագի թողած հիշատակությունների՝ տեղի է ունեցել 1679 թվականին: Երկրաշարժը «քարը քարի վրա չի թողել», սակայն մնացել են շենքերի նկուղային հարկերը, որոնք էլ ընդգրկում են հրապարակի ողջ տարածքը:

21-րդ դարասկզբին շինարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվածը կրկին փակվեց շինարարական նյութերով ու ավազով:

Սակայն կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում  այժմ քննարկվում է Հանրապետության հրապարակի՝ գետնի տակ մնացած հնավայրերին նոր կյանք տալու նախագիծը: Քննարկումների մասին Ֆեյսբուքի էջում տեղեկացրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ