ԱԱԾ-ն սատանայի ու որոշ շրջանակների համագործակցության ձեւերը պարզելու ճանապարհին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականի համաձայն՝ ԱԱԾ-ն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ է իրականացնում որոշ շրջանակների ու սատանայի համագործակցության ձեւերն ու ուղիները պարզելու համար:

ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանին ուղղված մեր հարցմանն ի պատասխան՝ այս մասին այսօր տեղեկացրել են ԱԱԾ-ից:

Հիշեցնելով, որ նայեմբերի 14-ին կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե ԱԱԾ-ին հանձնարարական է տվել՝ պարզելու որոշ շրջանակների ու սատանայի համագործակցության ձեւերն ու ուղիները, Մարտիրոսյանից հետաքրքրվել էինք՝ ի՞նչ եք պարզել այդ հանձնարարականի մասով, կա՞ն նման շրջանակներ, եւ եթե՝ այո, ապա ի՞նչ ձեւերով ու ուղիներով են համագործակցում:

ԱԱԾ-ից հրաժարվել են այլ տեղեկատվություն տրամադրել՝ վկայակոչելով Տեղեկատվության ազատության մասին օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերը:

Օրենքի նշված կետերը վերաբերում են տեղեկատվության տրամադրման սահմանափակմանը, եթե դրանք պարունակում են պետական, ծառայողական գաղտնիք, խախտում են մարդու անձնական եւ ընտանեկան կյանքի գաղտնիությունը, այդ թվում՝ նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական եւ այլ հաղորդումների գաղտնիությունը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ