«Որդիս մեր աղջկա հակապատկերն է». Աննա Թովմասյանը՝ նորածին որդու մասին

Ամուսնությունից ի վեր երգիչ Արամեն առաջին անգամ Ամանորը դիմավորել է տանը՝ համալրված ընտանիքի հետ, քանի որ տարեվերջին՝ դեկտեմբերի 25-ին, լույս աշխարհ եկավ նրա և Աննա Թովմասյանի երկրորդ երեխան: Տղան շատ սպասված էր նրանց ընտանիքում:

«Մեր կյանքն ամբողջությամբ փոխվել է: Առօրյաս լիովին հագեցած է երեխաների խնամքով: Երեխաների սեռերի տարբերությամբ պայմանավորված փոփոխություններ դեռևս չեմ զգում: Գուցե պատճառն այն է, որ Մարատը դեռ շատ փոքր է: Առաջին հանդիպումս իր հետ շատ զգացմունքային էր, բայց այս անգամ ավելի հանգիստ ու փորձառու էի»,- ասաց մայրիկը:

Անդրադառնալով Արամեի և որդու հանդիպմանը՝ Աննան նկատեց, որ այն շատ հուզիչ էր. «Ես իր մեջ հուզմունք տեսել եմ թե՛ Աննա Մարիայի, թե՛ Մարատի հետ հանդիպման ժամանակ: Աննա Մարիան մեր առաջին երեխան էր, մենք շատ էինք սպասում իրենք, երկրորդ դեպքում Արամեի վաղեմի երազանքն էր տղա ունենալ: Իսկապես շատ հուզիչ էր այդ պահը»:

Տան փոքրիկ անդամը՝ 2-ամյա Աննա Մարիան, թեև այլ երեխաների հետ շատ չի շփվում, եղբորը ընդունել է մեծ ոգևորությամբ ու հաճելիորեն զարմացրել ծնողներին:

«Մենք շատ զարմացած ենք, բայց նրա էմոցիաները բացարձակ նման չեն խանդի, միայն հոգատարության դրսևորում են: Ամբողջ օրն «ապեր, ապեր» ասելով ման է գալիս, եթե երեխան լացում է, աղմուկ է բարձրացնում, որ եղբորն ինչ-որ բան է անհանգստացնում:

Իսկապես, շատ հոգատար է»,- ուրախությամբ ասաց մայրիկը: Աննան դժվարանում է ասել, թե ում է ավելի նման որդին: «Ինձ շատ հետաքրքիր էր, թե նա ինչպիսի տեսք է ունենալու: Մեր աղջկա հակապատկերն է, թեև դեռ կփոխվի: Աննա Մարիան հիմա խուճուճ, շեկ մազեր ունի, բայց երբ ծնվեց սև մազերով ու սև աչքերով էր: Մարատը՝ ճիշտ հակառակը, բաց մազերով և բաց աչքերով է ծնվել:

Մի քիչ մեծանա, նա էլ կփոխվի դեռ: Եթե բաց գույների մեջ մնա, ավելի շատ հայրիկիս նման կլինի, քանի որ հայրիկս է բաց աչքերով և մազերով, բայց դեռ վաղ է կանխատեսել»,- ասաց նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ