«Այս պահի դրությամբ դեռեւս որեւէ վտանգ չկա, որ Հայաստանի Հանրապետության տարածքը կարող է օգտագործվել Իրանի կամ ԱՄՆ-ի դեմ որեւէ գործողության իրականացման համար: Ավելի շատ նման վտանգի տակ է գտնվում Ադրբեջանի Հանրապետությունը»: Անդրադառնալով Իրան-ԱՄՆ հնարավոր էսկալացիային՝ այսօր մեր զրույցում նման կանխատեսում արեց իրանագետ Արտյոմ Տոնոյանը:
Ինչպես հայտնի է՝ իրանցի գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանությունից հետո այս գիշեր Իրաքում հրթիռակոծվել են Այն ալ-Ասադի եւ Էրբիլի ռազմաբազաները, որտեղ տեղակայված են ամերիկյան եւ կոալիցիոն զինված ուժերը, եւ մի շարք այլ ռազմական օբյեկտներ: Իրանական պետական հեռուստատեսությունը հայտնել է, թե հրթիռային հարվածների հետեւանքով առնվազն 80 ԱՄՆ զինվորներ են զոհվել, ամերիկյան աղբյուրները հերքում են զոհերի մասին տեղեկությունները:
Հատուկ հայտարարության մեջ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը զգուշացնում է հնարավոր հետագա հարձակումների մասին այն երկրների տարածքներում, որոնք, Միացյալ Նահանգների կողմից Իրանին ուղղված ագրեսիայի հարթակ կդառնան: ՀՀ վարչապետն այսօր կրկին հայտարարել է, թե Հայաստանը չի ներքաշվելու ոչ հակաիրանական, ոչ հակաամերիկյան գործողությունների մեջ:
Ստորեւ մեր զրույցը՝ Արտյոմ Տոնոյանի հետ.
— Պարոն Տոնոյան, ի՞նչ նպատակ ուներ Ամերիկան Սուլեյմանիի սպանությամբ, եւ արդյո՞ք հասավ իր նպատակին:
— Այս պահին դժվար է գնահատել՝ արդյոք Սուլեյմանիի սպանությամբ ԱՄՆ-ն հասել է իր նպատակին. հայտարարվում էր, որ իրանական կողմը ծրագրել էր ռազմական գործողություններ իրականացնել ամերիկյան ռազմաբազաների դեմ, որը ղեկավարելու եւ իրականացնելու էր Սուլեյմանին, եւ սպանությունը նպատակ ուներ կանխել այդ գործողությունները: Բայց այն, ինչ տեղի ունեցավ գիշերը, փաստում է, որ ԱՄՆ-ի նպատակն այդ մասով դեռեւս չի իրականացել:
— Ամերիկյան ռազմաբազաների հրթիռակոծությո՞ւնը նկատի ունեք:
— Այո, Սուլեյմանիի սպանությունը նպատակ ուներ կանխել հենց այդ ռազմաբազաների դեմ գործողությունները:
— Ի՞նչ եք կարծում՝ համարժե՞ք էր Իրանի պատասխանը, թե՞ դեռ պետք է շարունակություն սպասել:
— Իրանական ամենաբարձրաստիճան պաշտոնյաները այսօր առավոտյան հայտարարություններ են արել, որ տեղի ունեցածն ընդամենը մշակված պլանի միայն առաջին քայլն է, սպասվում են այլ գործողություններ: Այսինքն պետք է սպասել եւ տեսնել, թե ինչ գործողություններ են սպասվում եւ միայն դրանից հետո գնահատել համարժեքությունը:
— Հնարավո՞ր է ամերիկյան ռազմաբազան դուրս բերվի Իրաքի տարածքից: Ի՞նչ հետեւանք կունենա դա:
— Չեմ կարող այս պահին պատասխանել այդ հարցին: Նաեւ դա է հնարավոր: Այն, ինչ տեղի է ունենում, չի հասել իր վերջնարդյունքին, այդ պատճառով դժվար է ասել: Բայց վստահաբար Թրամփը ԱՄՆ-ում կհայտնվի որոշակի ճնշումների տակ, որովհետեւ այսօր առավոտյան արդեն որոշ սենատորներ հայտարարել են, որ պետք էր ի վերջո Ամերիկա վերադարձնել ամերիկացի զինվորներին, այլ ոչ թե պահել Իրաքում եւ դնել հրթիռակոծության տակ:
— Պարոն Տոնոյան, մեր տարածաշրջանի համար այս գործողություններն ի՞նչ վտանգ են պարունակում:
— Որեւէ ուղղակի վտանգ այս առումով Հայաստանի Հանրապետությանը չի սպառնում:
— Իսկ անուղղակի՞: Լիբանանում ու Սիրիայում գտնվող հայկական սփյուռքին վտանգ չի՞ սպառնում:
— Այն հատվածում, որտեղ այս պահին տեղի են ունենում գործողություններ՝ հայկական սփյուռք չկա: Թե հետագայում ինչ կլինի՝ դժվար է ասել:
— Ձեր կանխատեսմամբ՝ որո՞նք կլինեն բախման կետերը: Հայաստանի տարածքը որեւէ պարագայում չի՞ կարող օգտագործվել հակամարտության մեջ գտնվող երկրների կողմից:
— Կոնկրետ Հայաստանի Հանրապետության առումով, չեմ կարծում, որ նման վտանգ կա, որովհետեւ ոչ ամերիկյան, ոչ իսրայելական ռազմական ներկայություն Հայաստանի Հանրապետության տարածքում չկա, որպեսզի օգտագործվեր ՀՀ տարածքը Իրանի դեմ նման գործողությունների իրականացման համար: Ավելի շատ նման վտանգի տակ է գտնվում մեր հարեւանությամբ գտնվող Ադրբեջանի Հանրապետությունը, որտեղ կա ակտիվ իսրայելական ռազմական ներկայություն, եւ բնականաբար բացառված չէ, որ կարող է ադրբեջանական հանրապետության տարածքը պահանջվել նմանատիպ գործողությունների իրականացման համար: Պատահական չեմ համարում իրանական կողմի հայտարարությունները, որ հարեւան երկրների կողմից Իրանի դեմ ռազմական գործողությունների իրականացման համար տարածքի տրամադրման ցանկացած քայլ կպատժվի չափազանց խիստ:
— Երեկ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարեց, որ ադրբեջանական կողմը փորձել է հայ-ադրբեջանական սահմանին ինժեներական աշխատանքներ իրականացնել, որի պատճառով հայկական կողմը նախազգուշական կրակ է բացել: Ադրբեջանական կողմի ըստ էության այս մանիպուլյացիոն հնարքներն ինչպե՞ս կգնահատեք Իրանի ու ԱՄՆ-ի միջեւ տեղի ունեցող գործողությունների ֆոնին: Սրանք իրենց մեջ որեւէ վտանգ չե՞ն պարունակում:
— Տարածաշրջանում ցանկացած լարվածության մեկնարկ միշտ հղի է ադրբեջանական կողմի ակտիվացման վտանգով, սա նորություն չէ համենայնդեպս Հայաստանի Հանրապետության համար: Վերջին 10-15 տարիների փորձը ցույց է տվել, որ տարածշրջանում իրավիճակների լարմանը զուգահեռ որոշակի ակտիվություն է նկատվում նաեւ ադրբեջանական հանրապետությունում, ինչին, կարծում եմ, հայկական կողմը միշտ պատրաստ է:
— Իրան-ԱՄՆ հարաբերությունների սրման ֆոնին խոսվում է նաեւ 3-րդ համաշխարհային պատերազմի հնարավորության վտանգի մասին: Որքանո՞վ է այդ սցենարը լուրջ:
— Ես պատերազմների տեսաբան չեմ, բայց չեմ կարծում, թե այս ամենը կարող է վերաճել 3-րդ համաշխարհային պատերազմի:
Նյութի աղբյուր՝ armtimes.com