Անթաքույց «սիրախաղ» Թուրքիայի և ՌԴ նախագահների միջև «Թուրքական հոսք» գազատարի բացմանը

Ստամբուլում մեկնարկել է Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ռեջեփ Էրդողանի «տետ-ա-տետ» հանդիպումը թարգմանիչների մասնակցությամբ: Զրույցն ընթանում է մամուլի համար փակ ռեժիմով, հաղորդում է Ինտերֆաքս-ը:

Ավելի վաղ Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Պուտինը մտադիր է Էրդողանի հետ քննարկել ռուս-թուրքական համագործակցության հետագա զարգացման հարցերն ու միջազգային խնդիրները, ներառյալ՝ Սիրիայի եւ Լիբիայի իրավիճակը:

Իր հերթին, Էրդողանը հայտարարել է, որ մտադիր է Պուտինի հետ քննարկել Իդլիբում հրադադարի հասնելու հարցով միջոցներն ու Սիրիայի հարցով ռուս-թուրքական հուշագրի իրականացումը:

Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընն ասել է, որ Պուտինն ու Էրդողանը կանդրադառնան նաեւ ԱՄՆ-Իրան հարաբերությունների լարվածությանը գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո:

Բանակցություններից հետո նախագահները կմասնակցեն «Թուրքական հոսք» գազամուղի պաշտոնական գործարկման արարողությանը:

Պուտինի գնահատմամբ՝ ռուս-թուրքական ռազմավարական գործընկերությունը կարևոր արդյունքներ է տալիս: ՌԴ նախագահն ընդգծեց՝ արդեն 30 տարի է՝ Թուրքիա է արտահանվում ռուսական գազ, միայն նախորդ տարի Ռուսաստանից Թուրքիա է արտահանվել 24 մլրդ խմ կապույտ վառելիք, այժմ այն կմատակարարվի նոր գազատարով:

Պուտինը համոզմունք հայտնեց, որ միասին կարող են ամենահավակնոտ ծրագրերն իրականացնել՝ ի շահ երկու երկրների ու ժողովուրդների: Ու թեպետ տարածաշրջանում միտում կա իրավիճակի սրացման, Թուրքիան ու Ռուսաստանը, ըստ Պուտինի, այլ օրինակ են ցույց տալիս, այն է՝ փոխգործակցություն և համագործություն՝ ի շահ իրենց երկրների:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շեշտեց՝ դա նախագիծ է, որի համար իրենք ջանքեր ենք ներդրել: Նրա գնահատմամբ՝ սա պատմական նախագիծ է, որը հնարավորություն կտա 31,5 մլրդ խմ բնական գազի մատակարարման: Էրդողանն ասաց, որ այս գազատարի շնորհիվ 15 միլիոն մարդ իրենց գազի տարեկան պահանջարկը կբավարարեն: Շնորհակալություն հայտնելով իր ռուս գործընկերոջը՝ Էրդողանը տեղեկացրեց, որ «Թուրքական հոսք» անվանման հեղինակը հենց նա է: Թուրքիայի նախագահը նաև նշեց՝ դիմելով Վլադիմիր Պուտինին.

««Խելացի ուղեկից» ունենալը նշանակում է՝ ճանապարհի կեսն արդեն անցած է»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ