Հրավառությունից տուժած երեխան չի ուզում, որ դրանք այլևս վաճառվեն

Տոնական օրերին արձանագրվել են պայթուցիկ սարքերից ու հրավառությունից տուժելու նոր դեպքեր: Պայթուցիկից տուժածներից է 10-ամյա Տավրոս Մկրտչյանը: Դեպքը տեղի է ունեցել Ամանորի գիշերը: Երեխան լրագրողներին պատմեց, որ պայթեցրել է տան պատշգամբից: 3 հատը պայթել է, իսկ 4-րդ պայթյունը տեղի է ունեցել արդեն իր ձեռքի մեջ:

Նա տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ:  Ընդհանուր առմամբ՝ Ամանորի գիշերը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է դիմել պայթուցիկներից ու հրավառություններից տուժած 6 անձ։ Տավրոս Մկրտչյանի դեպքում դժբախտ պատահարի հետևանքով ամպուտացվել է մեկ մատը: Պոկված մատը վերականգնման ենթակա չի եղել, իսկ մյուս մատները հաջողվել է փրկել։ Տավրոսը գիտի, որ մատը վերականգնվելու է, երբ մեծանա:  Նա նաև գիտի, որ հիմա իր վիճակը լավ է, իրեն լավ է զգում: Տավրոսը մի բան էլ է լավ գիտակցում՝ այդօրինակ վտանգավոր «խաղերից» պետք է հեռու մնալ.

«Ես չեմ ուզում, որ դրանք այլևս վաճառեն: Դրանց ներմուծումը Հայաստան թող արգելեն, ու ոչ ոք դրանցից չգնի»:

10-ամյա տղան Ամանորը հիվանդանոցում է անցկացրել, բայց մինչ այդ հասցրել էր Ձմեռ պապին նամակ գրել: Մեծ մեքենա է ուզել: Նվերն արդեն տեղում է, իսկ այսօր իրեն դուրս են գրել հիվանդանոցից: Ինչպես է անցկացնելու օրը՝ դեռ չգիտի, բայց որ ուզում է տուն գնալ՝ հաստատ է:

Երեխայի մայրը՝ Վարդուհի Եղիազարյանը, փոխանցեց, որ երեխան պայթուցիկ սարքը գնել է  Թալինի՝ իրենց հարևանությամբ գործող խանութից: Մենակ է եղել՝ առանց մեծահասակի ուղեկցության:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ