«Ոստիկանության նկատմամբ կան քննադատություններ». Փաշինյան

 Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են երթևեկության անվտանգության ուղղությամբ նախատեսվող բարեփոխումները, կառուցվածքային և բովանդակային փոփոխությունները:

Իր խոսքում, Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Ընդհանուր առմամբ Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները հասկանալիորեն նոր իրավիճակում են դրել Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը: Իհարկե, այդ անցումային շրջանը երևի շատ բարդ պետք է լիներ ոստիկանության համար, բայց մեր վեցամյսա աշխատանքի արդյունքներով կարող ենք ասել, որ ոստիկանությունը, ընդհանուր առմամբ, իր առջև դրված խնդիրները լուծել է բավականին լավ: Սա ամենևին չի նշանակում, որ թերություններ չկան:

Կարևորագույն խնդիրը, որ մենք հենց ամենասկզբից առաջադրել ենք՝ ոստիկանության նկատմամբ հանրության վերաբերմունքի փոփոխությունն է, և ոստիկանության վերաբերմունքի փոփոխությունը՝ հանրության նկատմամբ: Այս առումով, մենք ակնհայտորեն ունենք շատ լուրջ առաջընթաց, ինչը թող չմեկնաբանվի այնպես, թե ես նկատի ունեմ, որ մենք այստեղ հասել ենք կատարելության, բայց շատ կարևոր է, որ մենք հստակ քայլերով գնում ենք առաջ:

Իհարկե, կան նաև քննադատություններ ոստիկանության, ճանապարհային ոստիկանության աշխատանքի հետ կապված, բայց մեր վերլուծությունը կարծես ցույց է տալիս, որ այդ քննադատությունները, այդ թվում՝ տեղին, կապված են այս անցումային շրջանի առանձնահատկությունների հետ: Համոզված եմ, որ առաջիկա մեր համատեղ աշխատանքի արդյունքում իսկապես կունենանք ոստիկանություն-հանրություն, ոստիկանություն-քաղաքացի բոլորովին նոր հարաբերություններ: Սա շատ կարևոր խնդիր, նպատակ է, որին մենք պետք է հասնենք»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ