«Ողջունում եմ Արտանիշ սարի գագաթից․ երթը նվիրում ենք խաղաղության և կայունության հաստատմանը տարածաշրջանում». Նիկոլ Փաշինյան

ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարի հետ: Այս մասին այսօր` հունվարի 5-ին, դեպի Արտանիշ լեռը բարձրանալու ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հեռախոսազրույցի ընթացքում երկու նախարարները քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարը ցավակցություն է հայտնել  Իրանի Կառավարությանը եւ ժողովրդին մարդկային զոհերի հանգեցրած իրավիճակի կապակցությամբ: Գիտեք, որ Իրանը մեզհամար բարեկամ երկիր է, Միացյալ նահանգները մեզ համար բարեկամ երկիր է եւ այս իրավիճակում մենք չենք կարող ներքաշվել հակաիրանական գործողությունների մեջ, մենք չենք կարող ներքաշվել նաեւ հակաամերիկյան գործողությունների մեջ եւ մեր ուղերձն այն է, որ Իրանի եւ Միացյալ նահանգների մեր գործընկերները զերծ մնան այնպիսի քայլերից, որոնք կվատթարացնեն առանց այն էլ լարված իրավիճակը մեր տարածաշրջանում եւ միջազգային հարաբերություններում»,- ասաց նա:

Վարչապետը  հավելեց, որ հանձնարարկնները տրված են Հայաստանի համապատասխան կառույցներին` իրավիճակին հետեւել ուշիուշով եւ մատը պահել զարկերակին:

Հիշեցնենք, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Կուդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանին սպանվել է ուրբաթ օրը՝ հունվարի 3-ին, Բաղդադի օդանվակայանի մոտ ԱՄՆ ՌՕՈւ ավիահարվածի հետեւանքով։ Սոլեյմանիից բացի սպանվել են «Ալ Հաշդ աշ Շաաբի»-ի հրամանատարի տեղակալ Աբու Մահդի ալ Մոհանդեսը եւ նրա մոտ տասը զինակիցներ։ Զոհվածները երկու մեքենայով դուրս էին եկել Բաղդադի օդանավակայանից։ ԻՀՊԿ-ն հաստատել է Իրաքում գեներալ Սոլեյմանիի սպանությունը։

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ, այաթոլա Ալի Խամենեին եռօրյա համազգային սուգ է հայտարարել Սոլեյմանիի սպանության առիթով՝ հայտարարելով, որ դաժան վրեժ է սպասվում նրանց, ում ձեռքերին է նրա, ինչպես եւ մյուս նահատակների արյունը։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ