Մոտ 3.5 ամիս առաջ Եղեգնաձորում դաժան ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանն Ամանորը հիվանդանոցում կանցկացնի. նրա վիճակում որեւէ փոփոխություն չկա: Այս մասին ասաց փոխգնդապետի եղբայրը`Կարեն Մխիթարյանը:
Նա նշեց, որ իրենք գրեթե ամեն օր այցելում են կոմայի մեջ գտնվող եղբորը: «Դեռ չենք որոշել՝ ինչպես ենք դիմավորելու Նոր տարին, բայց երեւի ծնողներս եղբորս մոտ կլինեն»,-ասաց նա:
Ավելի վաղ ՔԿ-ն հայտնել էր, որ Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը 2019թ. սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած վիճաբանությանն ականատես չի եղել, դեպքի վայրում չի գտնվել: Սակայն դեպքին ականատես 4 սպաներն ասել են, որ նախկին մարզպետը եղել է դեպքի վայրում եւ հետեւե է միջադեպին` չկանխելով այն: Հիշեցնենք, որ ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանը դաժան ծեծի է ենթարկվել սեպտեմբերի 18-ին Վայոց Ձորի Եղեգնաձոր քաղաքում: Այս գործով մեղադրանք է առաջադրվել Վայոց Ձորի նախկին մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը։
Ավելի ուշ, որպես մեղադրյալ ներգրավվեց նաեւ Գրիգորյանի եղբայրը՝ Զավեն Գրիգորյանը։ Երկուսն էլ կալանքի տակ են։ Քննչական կոմիտեն առգրավվել է նաեւ դեպքի վայրի տեսախցիկները՝ մարզպետ Տրդատ Սարգսյանի մասնակցությունը միջադեպին ստուգելու համար: Միջադեպից մեկ շաբաթ անց Տրդատ Սարգսյանը հրաժարական տվեց Վայոց ձորի մարզպետի պաշտոնից։