Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրերս իր ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրեց, որ Հայաստանի Զինված Ուժերը համալրվել են ռուսական արտադրության գերժամանակակից հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ՏՈՐ-Մ2ԿՄ համակարգերով։
«Սա այս տարվա մեր ամենակարևոր ձեռքբերումներից է։ Քանակի մասին ոչինչ ասել չեմ կարող․ ռազմական գաղտնիք է»,-մասնավորապես գրել էր Փաշինյանը։
Թե որքանով է այս համակարգերի ձեռքբերումը բարելավում մեր բանակի մարտունակությունն ու բարձրացնում սպառազինության մակարդակը՝ փորձեցինք պարզել Առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիր-հրամանատար Վովա Վարդանովի հետ։
«Սա էական կամ լրջագույն ձեռքբերում համարելու մասով վերապահում ունեմ․ դա նորմալ, աշխատանքային պրոցես է և մեր բանակի սպառազինության արդիականացման շրջանակներում է տեղավորվում և շատ լավ է, որ տարբեր կատակլիզմներն ու հեղափոխությունները չեն խանգարում, որ մեր Պաշտպանության նախարարությունն իր մշակած ծրագրերին համահունչ զարգանա։
Իսկ էական փոփոխությունը «ՍՈւ30» կործանիչների ձեռքբերումն է, որը մեզ, վերջապես, հաջողվեց, որովհետև նախկինում մենք երբեք նոր ինքնաթիռներ չենք գնել։ Այս կործանիչները բացի նրանից, որ անհամեմատ ուժեղացնելու են մեր հակաօդային պաշտպանությունը, նաև ստիպելու են հակառակորդին միլիարդավոր դոլարների ծախս անել՝ իրենց հակաօդային ուժերը նույնպես ուժեղացնելու համար, իսկ, երբ դու կարողանում ես ենթադրենք 100 դրամի ծախս անելով ստիպել հակառակորդիդ դրա եռակին կամ քառակին ծախսել, ապա դա, միանշանակ, գերազանց քայլ է»,- ընդգծեց նա։
Նյութի աղբյուր՝ Առաջին Լրատվական