3509 առցանց գրանցում, 326 հազար 786 ԱՄՆ դոլար. www.himnadram.org կայքի նոր նվիրատուների գրանցումը չի դադարում

Վերջին օրերին «Հայաստան» համահայկական հիմնադրամի «չելենջին» միացողների ակտիվություն է նկատվում, մասնավորապես բավական ակտիվորեն www.himnadram.org կայքում գրանցվում են շոու-բիզնեսի ներկայացուցիչները: Հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը մեր զրույցում տեղեկացրեց, որ այսօրվա դրությամբ արդեն կայքում գրանցվել է 3509 դոնոր: Նրանք բոլորը միասին գեներացրել են 326 հազար 786 ԱՄՆ դոլարին համարժեք գումար։

Արշամյանը նկատեց, որ առաջին մի շաբաթից հետո մարդկանց ակտիվությունը փոքր-ինչ նվազել էր, սակայն շոու-բիզնեսի ակտիվացումից հետո կրկին շարժ է նկատվում: «Բայց լավն այն է, որ միայն Հայաստանի հետ կապված չի այդ ակտիվությունը, բավական ակտիվ է նաեւ Ռուսաստանը»,- ընդգծեց նա:

Մեր հարցին, թե դա ինչո՞վ է պայմանավորված, հիմնադրամի տնօրենն ասաց, որ ՌԴ-ում գտնվող իրենց գործընկերների միջոցով սոցիալական մեդիաներում տարածել են տեղեկատվությունը: Բացի այդ, ըստ Արշամյանի, իր ազդեցությունն է ունեցել հեռուստամարաթոնը, փոխանցումներ կատարելու մասին վարչապետի կոչը:

Քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջում Արշամյանը գրեց, որ հեռուստամարաթոնի օրը հայտարարված գումարն արդեն հասել է 10 միլիոն 688 հազար 142-ի։

«Ուրախությամբ նշեմ, որ կայքի նոր նվիրատուների գրանցումը չի դադարում ու վստահ եմ, որ կշարունակվի գալիք 2020 թվականին՝ ի վերջո մոտակա տարիներին հյուսելով հարյուր հազարավոր հայրենակիցների այն ցանցը, որն ի զորու է լինելու իրականացնել ցանկացած մեծ ու փոքր նախագիծ ու գաղափար»,- գրել է Արշամյանը՝ հավելելով, որ շնորհակալ է բոլոր բոլորին, ովքեր սատարել ու սատարում են հիմնադրամին ու մասնակից են դառնում Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում իրականացվող կենսական ծրագրերին։

«Սուրճ խմելիս միշտ հիշեք, որ այդ մեկ բաժակ սուրճը կարող է հայրենիքում ու սփյուռքում ապրող ձեր հայրենակցի, մեկ ընտանիքի, մեկ համայնքի, մեկ մարզի կյանքը դարձնել ավելի բարեկեցիկ ու արժանապատիվ»,- ընդգծել է հիմնադրամի տնօրենը:

Հիշեցնենք՝ «Հեռուստամարաթոն-2019»-ի ընթացքում հավաքված միջոցները կնպատակաուղղվեն խմելու ջրի մատակարարման եւ արեւային էներգիայի կիրառման ծրագրերի իրականացմանն Արցախում, ինչպես նաեւ Հայաստանի երեք մարզերում՝ Տավուշ, Լոռի եւ Շիրակ։ Ընդհանուր առմամբ հարյուրից ավելի համայնքներ կդառնան ծրագրերի շահառուներ եւ կապահովվեն շուրջօրյա ջրամատակարարմամբ, անվճար ջեռուցմամբ ու էլեկտրաէներգիայով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ