Ով է ամենալավ եւ ով է ամենավատ աշխատող նախարարը` ըստ Էդմոն Մարուքյանի

2020-ի հունվարին որոշել ենք մեծ համաժողով կազմակերպել և ներկայացնել խմբակցության հաշվետվությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում հայտնեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը` ամփոփելով խմբակցության աշխատանքները:

«Որպես ամենափոքր խմբակցություն «Լուսավոր Հայաստանը» շրջանառության մեջ է դրել մեկ տարվա ընթացքում 66 օրենքի նախագիծ: Խորհրդարանի ռեսուրսներ շատ քիչ են, թույլ են` խորհրդարանական վերահսկողություն իրականացնելու տեսանկյունից և մյուս խմբակցությունների համեմատ նախաձեռնողականությամբ առաջին տեղում է գտնվում»,-ասաց նա և նշեց, որ 66 նախագծից 15-ն ընդունվել է:

«Մեկ տարվա ընթացքում խմբակցությունը երկու անգամ ներկայացրել է Կառավարության առանձին վերցրած անդամի անվստահության հարց, առաջին դեպքում Ֆինանսների նախարարությանն ենք ներկայացրել, երկրորդ դեպքում շրջակա միջավայրի նախարարին»,-ասաց նա:

Էդմոն Մարուքյանը նշեց, որ պետական բյուջեի նախագծի վերաբերյալ 151 առաջարկություն են ներկայացրել, որոնք բոլորը մերժվել են և իրենք դեմ են քվեարկել բյուջեի նախագիծը: Նա նշեց, որ 2700-ից ավելի գրություն է խմբակցությունը ստացել, որից 500-ը անձամբ Էդմոն Մարուքյանն է ստացել:

Պատգամավորը հայտնեց, որ 2020 թվականին սահմանադրաիրավական հարցերին վերաբերող ծրագրեր ունեն և ըստ նրա շատ «սահմանադրական» տարի է լինելու: «Շատ դժվար է հեղափոխությունից հետո լինել ընդդիմություն  և լինել լեգիտիմ իշխանության ընդդիմություն, բայց մենք մեր ակտիվությունը ցուցաբերել ենք»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է նախարարների աշխատանքին, ապա Էդմոն Մարուքյանն ասաց.«Հիմա ասուլիսներ են տալիս նախարարները և մեկը ասում է՝ ես ամենալավն եմ, մյուսն ասում է՝ ես եմ ամենալավը: Մեր կարծիքով տարածքային կառավարման նախարարությունն է ամենալավ աշխատողը և նախարար Սուրեն Պապիկյանն է որպես լավ աշխատող նախարար, ամենավատ աշխատողը, իմ կարծիքով, բնապահպանության նախարարությունն է, նախարարը, որին վերջերս անվստահություն հայտնեցինք»,-ասաց նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ