«Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը մարդու իրավունքների սահմանափակում է: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 26-ին, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:
«Այսինքն՝ ով ուզի, երբ ուզի, ում ուզի, լսի՞ մարդուն: Ոնց ես մարդուն գաղտնի լսում: Կարող ես ամեն ինչ լսել՝ ում հետ է ժամադրվել, ինչ է արել: Ոստիկանության նախկին աշխատողներ կան, հին բնավորության համաձայն, ամեն ինչ կարող են անել, որ նման բաները լսեն: Ես չգիտեմ՝ ինչ դեպքում ոստիկանն իրավունք ունի լսելու: Եթե մենք այս ձեւով ենք ուզում մեր երկրում կարգ ու կանոն հաստատել, դա, իմ կարծիքով, չի լինի»,- ասաց նա, ապա հավելեց. «Մարդուն ոնց որ բռնեք «ժուչոկ» դնեք վրան, թող ֆռռա»:
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հակադարձեց, թե խոսքը «ժուչոկների» մասին չէ: «Եթե «ժուչոկ», կարող է հավաքարարն առավոտն այստեղ դրած լինել: Այս իրավակարգավորումը վերաբերում է հեռախոսային լսումներին, որոնք իրականացվում են միայն դատարանի որոշմամբ»,-ասաց նա:
«Իմ քայլի» պատգամավոր Արմեն Խաչատրյանը հավելեց, որ այս օրենքով որեւէ բան չի փոխվում եղած կարգավորումներում. «Սա թույլատրվում է իրականացնել միայն դատարանի թույլտվությամբ: Ուղղակի առաջարկվում է, որ ոստիկանությունն ինքն ունենա այդ սարքավորումը, ինչպես ունի ԱԱԾ-ն: Ինչո՞ւ պետք է ոստիկանությունն օգտվի այլ մարմնի սարքերից»:
Քվեարկությամբ «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը դրական եզրակացություն ստացավ։
Հիշեցնենք, որ նախագծի հեղինակները ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արմեն Խաչատրյանն ու Սիփան Փաշինյանն են: Պատգամավորներն առաջարկում են հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման հնարավորություն տալ նաեւ ոստիկանությանը: