Դեռ 2007-ին «Հետքը» գրել էր, որ Ալեքսանդր Սարգսյանը 2005-ին առանձնատուն է ձեռք բերել Լոս Անջելեսի Տարզանա թաղամասում (4935 Avenida Oriente, Tarzana, CA): Սարգսյանն այն ժամանակ (2003-2012 թթ.) ու ՀՀ պետբյուջեից ստանում էր մի քանի հարյուր հազար դրամ աշխատավարձ: Բայց հասկանալի է, որ պաշտպանության նախարար, վարչապետ, ապա երկրի նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրն այդ աշխատավարձի հույսին չէր ու դրանով չէր էլ կարող միլիոնանոց շքեղ գույք ձեռք բերել: Ալեքսանդր Սարգսյանի բիզնեսների մասին մամուլը միշտ էլ հեղեղված է եղել տարբեր հրապարակումներով:
Ալեքսանդր Սարգսյանն առանձնատունը գնել է 2005 թ. սեպտեմբերի 9-ին 2,8 մլն դոլարով: Սա «MonteVerde» փակ թաղամասի 30 լյուքս տներից մեկն է: Թաղամասը կամ համայնքը (community) շրջափակված է պարսպով, մուտք ունի միայն երկու կողմից, որոնք փակված են դարպասներով:
Նախկին պատգամավորն իր տունը գնել է հենց կառուցապատողից՝ «Manhattan Holding Co.»-ից: Հատկանշական է, որ դրա համար Սարգսյանը վարկ չի վերցրել, այսինքն՝ 2,8 մլն դոլարն ամբողջությամբ վճարել է իր միջոցներով: Դե, եթե նա ԱՄՆ մտնելիս իսկապես 30 մլն դոլար էր հայտարարագրել, ապա տան համար կանխիկով վճարում կատարելը խնդիր չէր լինի:
2005-ին գնված առանձնատունը կառուցվել էր 2004-ին, Ա. Սարգսյանը եղել է դրա առաջին բնակիչը: Փաստաթղթերում նա նշվում է իբրեւ միանձնյա սեփականատեր: Երկհարկանի տան մակերեսը 498 քմ է, իսկ ամբողջ հողակտորինը՝ 2060 քմ:
Տունն ունի 5 ննջասենյակ, 7 լոգասենյակ, 3 մեքենայի համար նախատեսված ավտոտնակ, բակում կա լողավազան:
Տունը գնելուց 8 ամիս անց՝ 2006-ի մայիսին, Ա. Սարգսյանը 332 հազ. դոլարի հիպոթեքային վարկ է վերցրել «World Savings Bank»-ից, որը պարտավոր էր մարել մինչեւ 2036 թ.: Նույն տարվա սեպտեմբերին նույն բանկից հայ պատգամավորը եւս մի հիփոթեքային վարկ է վերցրել 750 հազ. դոլարի չափով: Սա էլ պետք է մարվեր մինչեւ 2036 թ.: Այս երկրորդ վարկը վերցնելուց օրեր անց՝ 2006-ի հոկտեմբերին, Սարգսյանը փակել է 332 հազ. դոլարի վարկը (կարելի է ենթադրել, որ երկրորդ վարկի մի մասով փակվել է առաջինը):
«Golden West Savings Assosiation Service Co.»-ն, որը «World Savings Bank»-ից վերցրած վարկերի հավատարմագրային կառավարիչն էր (trustee), 2007-ի հունիսին Սարգսյանին ծանուցել է, որ վերջինս չի կատարում իր վարկային պարտավորությունները: Խոսքը 750 հազ. դոլարի վարկի վճարումների մասին է: Ծանուցումը վարկառուի հանդեպ կիրառվող գործողությունների առաջին քայլն էր: Արդեն 2008-ի հունվարին հայտարարվել է աճուրդի մասին, որը պետք է տեղի ունենար նույն ամսում: Այսինքն՝ Ալեքսանդր Սարգսյանը կանգնել էր առանձնատունը կորցնելու վտանգի առաջ:
Նյութի աղբյուր՝ Հետք