«Ջերմուկ գրուպ»-ը ձյուն մաքրող մեքենաներ է նվիրել քաղաքապետարանին

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի հայտարարությանը, ըստ որի՝ «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ի հիմնադիր նախագահ, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանը ձնամաքրման 10 մեքենա է նվիրել քաղաքապետարանին։

«Ապատեղեկատվություն է, ես չգիտեմ՝ ինքը կապ ունի, թե՞ ոչ: Կա ՍՊԸ, եթե չեմ սխալվում՝ «Ջերմուկ գրուպ» ՍՊԸ-ն է, որը նվիրատվություն է արել 2 մեքենա, մենք նվիրատվության մասին եռակողմ պայմանագիր ունենք 5 մեքենայի մասով, բայց այս պահին 2 մեքենա են նվեր տվել: Մնացած 3 մեքենաների մասին կկարողանանք տեղեկություն տալ այն պահին, երբ նվերի փոխանցումը լինի»,- ասաց քաղաքապետը:

Անդրադառնալով կառուցման թույլտվության դիմաց նվերներ տալուն, Մարությանը նշեց․ «Ընդհանրապես նվերները և կառուցումներն իրար հետ կապ չունեն»։

Ի դեպ, Աշոտ Արսենյանի հետ կապված այսօր ևս մեկ հրապարակում տարածվեց. «Հետք»-ը գրել է, որ գործարարի որդու` Վահագն Արսենյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է: Վերջինին մեղադրանք էր առաջադրվել զինվորական ծառայությունից առերևույթ ապօրինի հիմքով ազատվելու համար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ