«Սկսվում է քաղաքական պայքարի նոր փուլ». Ռոբերտ Քոչարյանն ուղերձ է հղել հայ ժողովրդին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների հավաքի ժամանակ նրա որդին՝ Լեւոն Քոչարյանն ընթերցեց Ռոբերտ Քոչարյանի ուղերձը։

«Ուզում եմ նախեւառաջ իմ երախտագիտությունը հայտնել Ձեզ Ձեր հստակ դիրքորոշման, քաղաքացիական քաջության, պարզ բառով ասած տղամարդկության համար։

Շնորհակալ եմ ձեզ, դուք ու ձեզ նման մարդիկ են, որ կերտել են Հայաստանի ու Արցախի նորագույն ու հերոսական պատմությունը՝ իրենց քաջության ու սկզբունքայնության շնորհիվ:

Ընդամենը մեկ տարի առաջ հնարավոր չէր նույնիսկ ենթադրել, որ մեր երկրում նորից քաղաքական իմաստ ու արդիականություն կստանա «միացիր» կոչը: Եթե երեք տասնամյակ առաջ այն կոչ էր հայ ժողովրդի երկու բաժանված հատվածների միացման, ապա այսօր այդ կոչը միավորում է ապազգայնության, իրավական բեսպրեդելի, պատմության նենգափոխման ու անձնիշխանության դեմ պայքարողներին: Ցավում եմ, որ այսպիսի զուգահեռ կա, սակայն դա է ճշմարտությունը։

Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր ստորագրել են հայտնի 100-ի հայտարարությունը։ Տասնյակ հազարավոր մարդկանց մասնակցությունը պարտավորեցնող է եւ ստիպում է ինձ պայքարել կրկնակի եռանդով եւ չընկրկել որեւէ դժվարության առաջ։ Ուզում եմ իմանաք՝ բանտախուցը ընկալում եմ որպես աշխատասենյակ, որտեղ աշխատում եմ հանուն ՀՀ-ի լավ ապագայի։ Այն ապագայի, որտեղ կհարգվեն մեր ազգային արժեքները, մեր ինքնությունը, ուր կապրենք առանց կեղծիքի ու ստի, առանց անամոթ պոպուլիզմի։

Սկսվում է քաղաքական պայքարի նոր փուլ, եւ ես հաջողություն եմ մաղթում բոլորիս այդ պայքարում, համոզված եմ՝ ամեն ինչ լավ է լինելու»,-նշված է ուղերձում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ