Կառավարության այսօրվա նիստում թեժ քննարկում ընթացավ ծրագրերի իրականացման գրասենյակների օպտիմալացման հարցի շուրջ: Բանը հասավ նրան, որ Նիկոլ Փաշինյանն ակնարկեց պաշտոնանկությունների մասին: Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը կառավարության նիստում ասաց, որ վերանայում են զանազան ԾԻԳ-երի, հիմնադրամների գործունեության արդյունավետության հարցը: Դրանք, ըստ նրա, տարիներ շարունակ պետական կառավարման համակարգին զուգահեռ կառավարման գործառույթ իրականացնող մարմինների են վերածվել:
«Վայ այն պաշտոնյաներին, որ իմ հանձնարարականներն այս կոնտեքստում չեն կատարի: Այսինքն՝ մենք այսքան խոսում ենք, որ այս երկիրը դարձրել են ծիգիզմի, հիմնադրամիզմի եւ պոակիզմի տրամաբանությամբ, եւ ամեն անգամ, երբ որ բանը գալիս ա հարցեր լուծելուն, պարզվում է, որ նորից պետք ա քննարկենք:
Ոչ մի բան չպետք ա քննարկենք, էդ ինչ ա ԾԻԳ-ը, էդ պադավատներ են, ատկատներ են, կոռուպցիա ա, ամենամեծ օջախները կոռուպցիայի, գնացեք մտեք ցանկացած ոլորտ, եւ հեսա հերթով կբացահայտվեն դրանք: Հետո ասում են՝ պետական կառավարման համակարգի աշխատավարձերը բարձրացնենք, ո՞նց բարձրացնենք, երբ որ կան պետական կառավարման համակարգեր, երբ որ մարդիկ ստանում են բոլորից տասն անգամ բարձր աշխատավարձ, ինչ ա իրանք արտոնյալներ են: Ես ասում եմ՝ էս հարցով կայացվել է քաղաքական որոշում:
Այն պաշտոնյաները, որ պարզվի՝ հանձնարականները չեն կատարել, էսօրվանից իրենց վեշերը հավաքեն ու գնան իրենց գործին, շատ հստակ եմ ասում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: