Մանվել Գրիգորյանի խափանման միջոցն այս տարի չի փոխվի. դատավարությունը կշարունակվի 2020 թվականին

Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունները կրկին մերժվեցին Մանվել Գրիգորյանի գործով դատաքննությունը կշարունակվի 2020թ.-ի հունվար ամսին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, ամբողջությամբ մերժեց ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպանների միջնորդությունները՝ անհիմն լինելու պատճառով։

Ավելի վաղ հայտնել ենք, որ նախորդ դատական նիստին Մանվել Գրիգորյանի պաշտպանները երկու միջնորդություն էին ներկայացրել՝ վերջինիս խափանման միջոցը փոխելու վերաբերյալ։ Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը միջնորդել էր՝ Մանվել Գրիգորյանի նկատմամբ գրավ կիրառել՝ գրավի չափ սահմանելով 1 մլրդ 336 մլն 760 ՀՀ դրամ արժողությամբ 25 միավոր անշարժ գույք։ Ներկայացված միջնորդությանը միացել են պաշտպանական թիմի մյուս անդամները։ Ավելին՝ պաշտպան Արսեն Մկրտչյանը նոր միջնորդություն էր ներկայացրել՝ խնդրելով փոխել Մանվել Գրիգորյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը՝ ստորագրությամբ չհեռանալու մասին կամ դրա անհնարինության դեպքում գրավ կիրառել։

Մեղադրող դատախազն առարկեց միջնորդությունների դեմ, որ Մանվել Գրիգորյանի՝ ազատության մեջ հայտնվելու դեպքում պատշաճ և օբյեկտիվ դատաքննություն իրականացվել չի կարող։ Նշենք, որ դատական նիստին չէր ներկայացվել ամբաստանյալ Մանվել Գրիգորյանը, ինչի պատճառով դատական նիստը հետաձգվեց։

Մանվել Գրիգորյանի գործով հաջորդ դատական նիստը նշանակվել է 2020թ.-ի հունվարի 21-ին՝ ժամը 14.00-ին։ Հիշեցնենք՝ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակություն կազմակերպելու մեջ:

Աղբյուր` Փաստինֆո

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ