Ի պատասխան Հայաստանի կողմից ձեռք բերված կործանիչների՝ Բաքուն ցանկանում է Су-57-եր գնել

Ադրբեջանը շահագրգռված է ձեռք բերել ռուսական հինգերորդ սերնդի Су-57 կործանիչները, գրում է «Ведомости»-ն:
Ըստ պարբերականի աղբյուրների` Ադրբեջանը հետաքրքրված է ռուսական կործանիչներով՝ Հայաստանի կողմից Су-30СМ կործանիչների ձեռքբերումից հետո:

Միևնույն ժամանակ, նշվում է, որ Բաքուն մի շարք պայմաններ է առաջադրել ՌԴ-ին, հետևաբար գործարքի շուրջ բանակցությունները կարող են շարունակվել բավականին երկար ժամանակ:
Ադրբեջանը կարող է նաև ձեռք բերել ոչ թե ռուսական արտադրության Су-57, այլ չինական և պակիստանյան արտադրության JF-17 կործանիչներ, որոնք մշակվել են Ռուսաստանի աջակցությամբ, և որոնց արժեքը շատ ավելի փոքր է, քան Су-57-ը։

Հիշեցնենք, որ Հայաստանի Զինված ուժերը համալրվել են ռուսական արտադրության գերժամանակակից հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ՏՈՐ-Մ2ԿՄ համակարգերով, այսօր Ֆեյսբուքում գրում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«2019 թվականի արտադրության: Սա այս տարվա մեր ամենակարևոր ձեռքբերումներից է: Քանակի մասին ոչինչ ասել չեմ կարող: Ռազմական գաղտնիք է», — նշում է պետության ղեկավարը:

Ավելի ուշ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հաղորդեց, որ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի ուղեկցությամբ այցելել է ՊՆ N զորամաս:

Պատասխանատուները վարչապետին են ներկայացրել Զինված ուժերը համալրած հակաօդային և հակահրթիռային պաշտպանության նորագույն տեխնիկական միջոցները: «Դրանց թվում են եղել «ՏՈՐ-Մ2ԿՄ» զենիթային հրթիռային համալիրները, հրամանատարի և օպերատորի ավտոնոմ վարժասարքերը, տրանսպորտային լիցքավորման մեքենաները, ջոկի շարժական կառավարման մեքենաները և այլ համակարգեր», — ասված է հաղորդագրությունում:

Վարչապետը կարևորել է Զինված ուժերը նորագույն տեխնիկական միջոցներով համալրելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները և ընդգծել, որ դրանք կրելու են հետևողական և շարունակական բնույթ:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ