«Տղայական ձևով ուզեք, որ մենք, մերոնքականները, մյուսներին հաղթեն»․ Վազգեն Մանուկյան

«Հայաստանում իրական սոցիալիստական կուսակցություն չեմ տեսել: Դաշնակցության միասնական թեկնածուն եմ եղել, բայց Դաշնակցությունն այս տարիներին շատ տեղերում է ցույց տվել իր ազգայինը, բայց ոչ մի տեղ ցույց չի տվել իր սոցիալիստականը:

Դաշնակցությունն այդ դաշտը չի կարողացել փակել. ժամանակին իրենք կողմ քվեարկեցին սեփականաշնորհմանը»,- ուսանողների և լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի կարծիք հայտնեց «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի հիմնադիր Վազգեն Մանուկյանը: Երիտասարդները հետաքրքրվեցին՝ արցախյան պատերազմի տարիներին Հայաստանն ի՞նչ հիմնական ուղղվածություն է ունեցել թե′ ներքին, թե′ արտաքին դաշտում, Վազգեն Մանուկյանը պատասխանեց.

«Ես՝ որպես Հայաստանի վարչապետ, առաջ էի տանում լիբերալ գիծը, որ պետք է սեփականաշնորհել: Հետո եղավ պատերազմ, ես դարձա ՊՆ նախարար և առաջարկեցի, որ սեփականաշնորհումը կանգնեցնենք. մտածում էի՝ մի կողմից ռազմաճակատում զոհեր ենք տալիս, մյուս կողմից ինչ-որ մարդիկ սեփականությունը վերցնում էին իրենց ձեռքը: Այս ժամանակ ես դեմ արտահայտվեցի: Արտաքին քաղաքականության մեջ շարունակում էինք մնալ մոտ ԱՄՆ-ին և Եվրոպային:

Ուզում էինք նույն համակարգը կառուցել, բայց շատ մոտ հարաբերություններ ունեինք նաև ՌԴ-ի հետ: Մեր քաղաքականությունն էական փոփոխություններ այս առումով չի կրել»: Մյուս հարցին՝ երիտասարդությունն ի՞նչ հիմնաքարային գործողություններ պետք է իրականացնի, որ ավելի բարձր մակարդակով պահպանվեն ազգային արժեքները, Վազգեն Մանուկյանը հորդորեց.

«Սիրեք ձեր երկիրը և տղայական ձևով ուզեք, որ մենք՝մերոնքականները մյուսներին հաղթեն: Ամբողջ համաշխարհային քաղաքակրթությունը մերոնցի ու ձերոնցի կռիվներ է: Դա փողոցի կռիվ է քաղաքակիրթ ձևով. ինչո՞ւ մեր թիմը մյուսից վատ լինի, սիրեք ձեր երկիրն ու արեք այնպես, որ մեր թիմն առաջինը լինի մյուսների հետ մրցակցության առումով»: Անդրադառնալով արցախյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցին՝ Վազգեն Մանուկյանն ասաց.

«Եթե կան մարդիկ, որոնք մտածում են, որ Արցախը բեռ է, եկեք այդ բեռից ազատվենք, նրանք ոչ միայն թիմային, ազգային չեն, այլև պրագմատիկ չեն, իրենք չեն հասկանում, որ հնարավոր չէ Ղարաբաղը կորցնել՝ չկորցնելով Զանգեզուրը կամ Զանգեզուրը կորցնելով՝ չկորցնել մի այլ բան: Ղարաբաղի հարցը Աստծո կողմից մե տրված փորձություն է: Մեր առջև դրված է խնդիր, որը պետք է լուծել»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ