«Նրանց հերթով զանգում ու ասում են՝ դու հիշո՞ւմ ես…»․ Էդուարդ Զորիկյանը մշակույթի գործիչների տարածած հայտարարության մասին

Lragir.am-ի զրուցակիցն է երգիչ-երգահան Էդուարդ Զորիկյանը․

Պարոն Զորիկյան, ինչպե՞ս եք գնահատում մշակույթի գործիչների հայտարարությունը, որով նրանք առաջարկում են փոխել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը:

Ճիշտն ասած՝ ես բացարձակ չեմ հասկանում, թե նրանք ինչ են անում, որովհետև գործը դատարանում է: Եվ դատարանը պետք է որոշի՝ խափանման միջոցը փոխում է, թե ոչ: Այնպես չէ, որ երբ հանցագործին բռնում են, մինչև դատավարության ավարտը ժողովուրդն է որոշում՝ էդ հանցագործը նստի, թե չնստի: Ով ուզում է լինի, որոշումը դատարանն է կայացնում: Հիմա դատարանը որոշում է՝ ոչ, պետք է նստի: Այդ դեպքում, չեմ հասկանում՝ այս ամենն ինչի համար է, ուզում են հակաօրինական բա՞ն անի դատարանը: Այս գործով դատարանը պարբերաբար իր որոշումը կայացնում է:

Եթե նրանք համոզված են, որ ներկայացված մեղադրանքը շինծու է, հանցագործություն չկա և այլն, թող այնպես անեն, այդ դատը շուտ լինի, ապացուցեն, որ անմեղ է, ի սեր Աստծո, թող գնա, հանգիստ իր ծերությունը վայելի իր թոռների հետ: Բայց ամեն ինչ անում են, որ դատավարությունը չսկսվի: Այսինքն՝ խնդիր են դրել հասնել նրան, որ մինչև դատը պարոն Քոչարյանը տանը մնա, ու էդ դատը երբեք չսկսվի: Այսինքն՝ փաստաբաններն անընդհատ առանց Քոչարյանի նեկայության կարող են իրար հետևից միջնորդություն ներկայացնել դատարան, ինքն էլ տանը նստի: Հլա դրանց խելքին նայեք:

Ըստ ձեզ՝ ինչո՞ւ են հենց այդ գործիչները ստորագրել այդ հայտարարության տակ:

Ինձ թվում է՝ իրենց ուղղակի ներկայացրել են իրենց տալիքը: Այդ գործի տարին լրանում է, եթե անում էին, թող շուտ նման նախաձեռնությամբ հանդես գային: Երբ նախորդ տարի Քոչարյանին հրավիրեցին հարցաքննության վկայի կարգավիճակով, թող այդ ժամանակ խոսեին: Հիմա, երբ տեսնում են, որ, այո, մտադրությունը լուրջ է, այո, պատասխան է տալու կատարած հանցանքի համար, հիմա արդեն, իմ կարծիքով, նրանց հերթով զանգում ու ասում են՝ դու հիշո՞ւմ ես… Եվ շատ ցավալի է, որ եթե նույնիսկ այդ մարդիկ ինչ-որ ծառայության դիմաց մեծ գումարներ են ստացել ժամանակին, իրենք այդ ստացած գումարին չեն վերաբերվում որպես իրենց վաստակած գումար: Այսինքն՝ իրենք մտածում են, որ շատ ավելի փոքր գումարների էին արժանի, քան ստացել են:

Հակառակ դեպքում, եթե նման երևույթ է եղել, նորմալ մասնագետը կասեր՝ ես եմ աշխատել այդ գումարը: Բայց իրենք կարծում են, որ իրենց կատարած գործը համարժեք չի եղել այդ գումարին: Եվ այսօր նրանց ասում են՝ այն զդաչին, որ չենք վերցրել, դրա փոխարեն մեզ ծառայեք: Կամ էլ գուցե ասել են՝ նախատոնական շրջանում որևէ կազմակերպություն որոշել է օգնություն տալ, այստեղ պետք է ստորագրես: Ըստ երևույթին ստորագրել, փողը ստացել են: Կարծում եմ՝ ընթացքում ինչ-որ խաբեություն է եղել, որովհետև այդ ցուցակից որոշ մարդիկ լրատվամիջոցների հետ զրույցում հրաժարվում են, ասում են՝ մենք նման բանի համար չենք ստորագրել: Ավելի շուտ ասում են՝ մենք դրա համար չենք ստորագրել: Այսինքն՝ դեմ են տվել ուրիշ բան, փողը տվել են՝ հույսով, որ փող ստացած մարդը հետո չի ասի՝ չեմ ստորագրել:

Դա նույն մեթոդն է, որը նախկինում նախընտրական փուլում էր կիրառվում: Ինչո՞ւ էին փող բաժանում: Մարդիկ ասում էին՝ փողը ստանանք, գնանք ուրիշի ընտրենք: Ոչ, եթե գումարը ստացար, հետագայում դու չես հայտնվի հրապարակում այն մարդկանց շարքերում, ովքեր կսկսեն պահանջել, որ կեղծվել են ընտրությունները: Հոգեբանություն է դա, այսինքն՝ նախօրոք գումարը բաժանեով՝ իրենք պակասեցնում էին իրենց կեղծիքի դեմ ըմբոստացողների թիվը: Իրենց պետք էլ չէր նրանց ստորագրությունը, որովհետև իրենք այդ մարդկանց փոխարեն գործն անում էին, ստորագրում էին ու մեկին տասը լցնում էին այդ թղթերը: Բայց գումարը բաժանվում էր նրա համար, որ հետընտրական շրջանում հրապարակում հավաքվողների թիվը քիչ լիներ: Հիմա նույն բանն է, նախօրոք տալիս են փողը, ստորագրիր ու վերցրու:

Մշակույթի այդ գործիչների հայտարարությունում հանրային մթնոլորտի առողջացման մասին է խոսք գնում, բայց նախկին տարիներին, երբ երկրում բազմաթիվ խնդիրներ են եղել, այդ նույն գործիչներն իրենց խոսքը չեն ասել:

Խոսող գործիչների երկու տեսակ կա: Մի տեսակը խնդիրն է բարձրացնում, և կապ չունի՝ դա 10 տարի առաջ է եղել, 30, թե՞ այսօր: Այս մարդիկ մտածում են ժողովրդի, Հայաստանի մասին: Եվ երկրորդ տեսակը նա է, ով խնդիր է բարձրացնում հանուն ինչ-որ բանի: Այդ երկրորդ տեսակն այն տեսակն է, որ, իմ կարծիքով, այսօրվա իշխանության ու կառավարության մեջ էլ տեղ չունի: Եվ իշխանությունից էլ նման անձինք հատ-հատ դուրս են գալիս: Ես դեռ տարիներ առաջ եմ ասել՝ եթե զուտ աշխատավարձի հույսին մնա չինովնիկական կորպուսը, մարդ չի մնա այնտեղ: Ում էլ հարցնես, կասեն՝ կարո՞ղ ա չնչին գումարով պետք ա գնամ գործի գամ: Եվ հիմա մենք դա տեսնում ենք:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ