Երեւանն ու Ստեփանակերտը քաշեցին կարմիր գիծը

Երեւանում տեղի է ունեցել Հայաստանի եւ Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստ, որը երկրորդն է 2019 թվականի ընթացքում, եւ ընդհանրապես երկրորդը որպես գործնական ձեւաչափ: Առաջին նիստը տեղի ունեցավ Ստեփանակերտում, մարտի 12-ին:

Դրա ընթացքում ունեցած ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործնականում ազդարարեց մադրիդյան սկզբունքներից հրաժարվելու ռազմավարության մեկնարկը, դիմելով համանախագահներին եւ խնդրելով պարզաբանել այդ սկզբունքներն այնպես, որ չառաջանա երկիմաստ մեկնաբանություն հակամարտող որեւէ կողմում:

Դա գործնականում անիրականանալի «խնդրանք» է, այն իմաստով, որ մադրիդյան սկզբունքներ կոչվածը գործնականում անհնար է չենթարկել երկիմաստ մեկնաբանման: Ըստ այդմ, Երեւանը մարտի 12-ին Ստեփանակերտում գործնականում հայտարարել է որպես բանակցության հիմք դրանցից հրաժարվելու մասին:

Իսկ այդ սկզբունքները որպես բանակցության հիմք Հայաստանի իշխանությունն ընդունել էր 2007 թվականի վերջին, երբ Հայաստանում ավարտվում էր Ռոբերտ Քոչարյանի նախագահությունը եւ նրան պատրաստվում էր փոխարինել Սերժ Սարգսյանը:

Օգոստոսի 5-ին Ստեփանակերտի հրապարակում հանրահավաքի իր ելույթում Նիկոլ Փաշինյանը ընդլայնեց ռազմավարական խնդիրը, հայտարարելով, որ բանակցության նպատակը պետք է լինի արցախյան շարժման եւ պատերազմի արդյունքների պահպանումը, իսկ դրա ամրապնդումը պետք է լինի համահայկական օրակարգի գերակա հարցը:

Անվտանգության խորհուրդների երեւանյան համատեղ նիստում, որը երկրորդն է այդ ձեւաչափով, Նիկոլ Փաշինյանը արձանագրել է գործընթացի ներկայիս իրավիճակն ու իրերի ներկայիս դրությունը, նշելով, որ տարվա ընթացքում հայկական կողմի շեշտադրումների համատեքստում ձեռքբերումները համեստ են, սակայն շոշափելի: Այդ թվում խոսքն Արցախի բանակցային կողմ լինելու մասին է, առանց որի, ինչպես կրկնել է Փաշինյանը, հնարավոր չէ որեւէ լուծում:

Միաժամանակ, Հայաստանի վարչապետը սահմանել է արցախյան սուբյեկտության նոր նշաձող, հայտարարելով, որ Արցախում տեղի ունենալիք նախագահի եւ խորհրդարանի համապետական նոր ընտրության դեմ խոսելը նշանակում է խոսել ռեգիոնալ անվտանգության ու խաղաղության դեմ:

Արցախի հեռացող նախագահ Բակո Սահակյանը համատեղ նիստում արձանագրել է Ստեփանակերտի մոտեցումը, հայտարարելով, որ չի կարող լինել վերադարձ անցյալին թե կարգավիճակի, թե սահմանների առումով, եւ որեւէ լուծում չի կարող լինել այնպիսին, որ վտանգի տակ դնի Արցախի անվտանգությունն ու բնականոն գործունեությունը:  Ըստ Բակո Սահակյանի, դրանք կարմիր գծերն են, որոնք չպետք է իջեցվեն երբեք:

Հաշվի առնելով այն, որ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար հայտարարել է Արցախի իշխանության հետ մոտեցման հարցում 100 տոկոս նույնական պատկերացման մասին, գործնականում հնարավոր է ազդարարել, որ Երեւանն ու Ստեփանակերտը, ամփոփելով 2019 թվականը, անվտանգության խորհուրդների համատեղ նիստում արձանագրել են հայկական կողմի կարմիր գիծը, որի մասին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն էլ գործնականում ազդարարել էր Բրատիսլավայում ԵԱՀԿ նախարարների հավաքի իր ելույթում, նշելով, որ Արցախի էքզիստենցիալ անվտանգությունը չի կարող լինել զիջման ենթակա:

Նյութի աղբյուր՝ lragir.am

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ