«Վարչապետը պետք է դուրս գա իր մենակությունից. Ժամանակն է․․․» . Րաֆֆի Հովհաննիսյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «ժառանգություն» կուսակցության հիմնադիր-նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:

– Դուք Հայաստանի երրորդ հանրապետության քաղաքական անցյալում բավականին ծանրակշիռ տեղ զբաղեցրած գործիչ եք, 2019թ. ի՞նչ տպավորություն է թողել Ձեր կյանքում, միգուցե նաև քաղաքական կյանքում:

– Տպավորությունը խայտաբղետ է. առաջին հերթին հենակետային իրականությունը, որը շատ կարևոր է և չպետք է մեր գիտակցությունից հանել, այն է, որ մեր նորագույն պատմության ընթացքում ունենք ժողովրդի մեծամասնության կողմից ընտրված դե յուրե իշխանություն և դե յուրե ընդդիմություն: Հետայսու մեր բոլոր գնահատականները, քննադատությունները, բողոքները ուղղվելու են դե յուրե իշխանությանը և դե յուրե ընդդիմությանը:

– Արհեստական մատուցվա՞ծ: Դուք ո՛չ «սև»-ում կաք, ո՛չ «սպիտակ»-ում:

– Այո, «սև-ը և սպիտակը» արհեստական մեթոդաբանություն է: Եվ նախկին իշխանության ներկայացուցիչները, ոչ մի «քավարան» չանցած՝ եվրոպաներ են գնում՝ որպես ժողովրդավար ընդդիմություն ներկայանալու, խոսում են ժողովրդավարությունից…

– Դե նրանք ինչ-որ բան գոնե անում են, «Ժառանգությունը» ոչինչ չի անում:

– Մենք ներկա ենք. շատ անհարմար իրավիճակ է. աշխարհը շուռ է եկել, իշխանության է եկել հետհեղափոխական ժողովրդավար իշխանությունը՝ մեր ընկերներն են եկել իշխանության, և իրենք, փոխանակ «ցանցը լայն գցելու», նաև իրենք են դարձել պարտիզաններ և հատվածապաշտ մոտեցում են ցույց տալիս, իսկ նախկին իշխանությունները, առանց մեղքերի թողության, ներկայանում են որպես ժողովրդավարներ, և կեղտոտ լվացքը, որի մասին բողոքում են, իրենք են դուրս հանում, իսկ մեջտեղը մնում է ազգային հարցը, ագրեսիվ Թուրքիան, Արցախի հիմնախնդիրը և այլն: Վտանգավոր իրավիճակի մեջ ենք, և փոխանակ ներդաշնակության, ընդհանուր հայտարարի տանեն մեր հասարակությանը, կրկին բևեռացման վտանգ կա, այդ հարցերը պետք է լուծվեն:

– Արդյո՞ք Դուք դժգոհ եք նաև նրանից, որ քաղաքական նոր թիմը ձեր աջակցությանը չի դիմում, թեև Դուք պատրաստակամ եք:

– Ո՛չ, ամենևին: Մենք ի սկզբանե առաջին, երկրորդ գծում ենք եղել, պայքարել ենք առանց արյան, դուռ ենք բացել ուրիշների համար… Հիմա Նիկոլը թող առաջ տանի, թող ինքն էլ, ՔՊ-ն էլ հասկական, որ իրենցից հետո էլ ուրիշները պիտի լինեն… Թող ժպտան, չնախանձեն, թող ուրախ լինենք, երջանկանանք ուրիշի հաջողությամբ, անպայման չէ, որ ես լինեմ: Մենք միշտ պատրաստ ենք օգնելու… Ուրիշ գործիչներ էլ կան, որ պատրաստ են օժանդակելու: Իշխանությունը պետք է կուսակցական ցանցից դուրս գա: Մուլտիդիսցիպլինար ցանց պետք է գցվի, կառավարման ճգնաժամ կա… Մեզ մոտ միշտ եղել է կուսակցական նեղ մի ուղղահայաց, դա չի ջարդվել, շարունակվում է:

Նյութի աղբյուր՝ Առաջին Լրատվական

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ