«12 կմ խոցման առավելագույն հեռավորություն …». նոր մանրամասներ ձեռք բերված համակարգից

Հայաստանի զինուժը համալրվել է զենիթահրթիռային «Տոռ-Մ2ԿՄ» համալիրներով: «Տոռ» ԶՀՀ-ների այս մոդիֆիկացիան տեղադրված է անվավոր շասսի վրա, Հայաստանին մատակարարվել են «ԿամԱզ»-ի վրա տեղադրված տարբերակները:

ԶՀՀ-ների ստացման մասին հրապարակում է արել ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Այս մասին հայտնել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Այս ԶՀՀ-ների ձեռքբերման մասին հայտնի էր դարձել դեռևս 2018-ի մայիսին ՀՀ ՊՆ «Զինուժ» հեռուստածրագրի թողարկումից։ Այն ժամանակ նշվել էր, որ մի քանի ամսվա ընթացքում համալիրներն արդեն կլինեն զինված ուժերում։

«Մի քանի ամսից հակաօդային պաշտպանության միջոցների թվում իրենց ուրույն տեղը կզբաղեցնեն ռուսական «Տոռ» զենիթահրթիռային համալիրները», — ասել է հաղորդման վարողը:

Ինչպես հաղորդման ընթացքում նշել է ՀՀ հակաօդային պաշտպանության զորքերի վարչության պետի տեղակալ, գնդապետ Արթուր Պողոսյանը, ««Տոռ» համակարգը գերժամանակակից զենիթահրթիռային համալիր է, որն ընդունակ է ավտոմատ ռեժիմով, անգամ առանց անձնակազմի միջամտության, վարելու օդային պայքար միաժամանակյա բոլոր սպեկտրի օդային հարձակման միջոցների դեմ։

«Տոռ» ռուսական զինեթահրթիռային համալիրը մշակված է զորքի և քաղաքացիական օբյեկտների մարտավարական պաշտպանության ապահովման համար օդից իրականացված հարձակումների դեպքում։ Համալիրն ունակ է պայքարել հակառակորդի տարբեր տեսակի հրթիռների, անօդաչու թռչող սարքերի, ավիացիոն ռումբերի, ինքնաթիռների և ուղղաթիռների դեմ։

Ինչպես ավելի վաղ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անվտանգության ոլորտը և զինված ուժերի բնական զարգացումը երկրի համար գերակա է, և «մենք պետք է անենք հնարավորինը նորմալ զարգացում ապահովելու, առկա խնդիրների ճշգրիտ գնահառման և ԶՈՒ–ում դրանց արդյունավետ լուծման համար»։

Համալիրի մարտավարատեխնիկական բնութագիրը

  • Խոցման առավելագույն հեռավորությունը – 12 կմ
  • Միաժամանակ ուղեկցվող թիրախների քանակը – 48
  • Միաժամանակ հրետակոծվող թիրախների քանակը –  4
  • Միաժամանակ ղեկավարվող հրթիռների քանակը – 8
  • Թիրախների շարժի առավելագույն արագությունը – 700 մ/վ
  • Անձնակազմը – 3 մարդ

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ