«Մեզ քարոզչական պատերազմ է հայտարարված, հայ ժողովրդին պատերազմ է հայտարարված». Արարատ Միրզոյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը:

-Հայաստանի նախկին իշխանությունները չեն դադարում պնդել, որ նոր իշխանությունները եկել են հողեր հանձնելու համար և այդ հարցում ունեն անգամ արտաքին աջակցություն:

-Պարբերաբար այս մասին խոսվում է: Նենգ են և ստոր կեղծ օրակարգ ստեղծելու, մարդկանց թյուրիմացության մեջ գցելու բոլոր փորձերը, ուղղակիորեն խաբելը և ասելը, որ հայաստանյան այս իշխանությունները պատրաստվում են որևէ ձևով հող հանձնել կամ Հայաստանի կամ Արցախի համար ոչ շահեկան, ոչ նպաստավոր լուծումների համաձայնելը:

Բաներ կան, որոնք պետք է վեր լինեն քաղաքական մրցակցությունից, իշխանության համար պայքարից, չի կարելի Արցախի հարցը խառնել ներքաղաքական հարցերին, չի կարելի տեղափոխել այս հարթություն: Եվ քանի որ այս փորձերը նույնանում են մարդկանց մոլորության և խաբեության մեջ գցելու հետ, մենք այստեղ շատ կոշտ և կտրուկ պետք է լինենք: Ի դեպ, մենք խոսում էինք Արցախի նախագահի հետ և ես համաձայն եմ նրա այն գնահատականի հետ, որ այդպիսի փորձերը դավաճանություն կլինեն:

-Այդ դեպքում տպավորություն է ստեղծվում, որ ձեզ քարոզչական պատերազմ է հայտարարաված և դուք դրան պատրաստ չեք:

-Մեզ քարոզչական պատերազմ է հայտարարված, միանշանակ այո, դա ակնհայտ է, և մարդիկ, ովքեր հայտարարել են այս պատերազմը, տիրապետում են լուրջ մեդիառեսուրսների, ֆեյքերի բանակների, այն մարդիկ են, ովքեր լուրջ կորցնելու բան ունեն, որովհետև նրանց պատվիրատուները գուցե բանտում են կամ հետապնդվում են զանազան մեծ կոռուպցիայի հետ առնչություն ունենալու համար, գոնե մեղսագրվում են նրանց այդպիսի արարքներ, և գործեր են ընթանում, իրենք իշխանություն են կորցրել և գուցե փող էլ կորցնեն, այն առումով, որ հնարավոր է բացահայտումներ լինեն, և նրանք գումարներ վերադարձնեն Հայաստանի ժողովրդին, Հայաստանի բյուջե: Այս մարդիկ, ունենալով այս ամեն ինչը, արդար և անարդար, ազնիվ և անազնիվ մեթոդներով մեզ պատերազմ են հայտարարել:

Բայց մի առանցքային բան կա, նրանք պատերազմում են ոչ թե քաղաքական թիմի դեմ, այլ քանի որ այս քաղաքական թիմը, ըստ էության, իրականացնում է ժողովրդի տասնմյակներ շարունակ կուտակված ցանկությունները, պատկերացումները՝ վերացնել կոռուպցիան, հաստատել արդարություն, ապա ստացվում է, որ այս մարդիկ պատերազմ են հայտարարել ժողովրդի և Հայաստանի հետագա զարգացման դեմ: Դուք ասում եք՝ պատրաստ չենք քարոզչական պատերազմին, եթե նկատի ունեք այն, որ մենք էլ ունենանք մեր լրատվան կայքերը, մեր հեռուստաալիքները, այդպես չի լինելու, մենք այդ ճանապարհով չենք գնալու, որովհետև ինքնապաշտպանական նկատառումներով մեկ, երկու, տասը քայլ անենք, հինգ տարի հետո կարող է տեսնենք, որ որոշ հարցերում մենք նմանվել ենք նրանց, ում դեմ պայքարում էինք: Մենք այս ճանապարհով չենք գնալու:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ