«Քաղաքական դիակ կդառնա նա, ով կասի՝ ցուցարարների դեմ տանկեր հանած ղեկավարը չպետք է նստի»․ Դանիել Իոաննիսյան

Նախկին դաշնակցական Աղվան Վարդանյանի ստեղծած հանձնախումբը պահանջում է փոխել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը․ «Որոշ ժամանակ առաջ հասարակական, քաղաքական, մշակույթի, մարզաշխարհի շուրջ հարյուր գործիչներ ի պաշտպանություն նախագահ Քոչարյանի հանդես եկան հայտարարությամբ։

Նրանք իշխանությանը կոչ էին անում վեր կանգնել անձնական շահերից, ընդունել սեփական նախապաշարումների անճշտությունը Մարտի 1-ի գործի առնչությամբ, վերջ տալ դատական համակարգի ճնշումներին։ Նրանք նաև հույս էին հայտնում, որ նախագահ Քոչարյանի ազատ արձակումը հասարակական համերաշխության ազդակ կդառնա»,- այսօր ասել է Աղվան Վարդանյանը՝ տեղեկացնելով, որ այդ հայտարարության տակ արդեն 60 հազար քաղաքացու ստորագրություն կա

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը  զրույցում կասկած հայտնեց, թե 60 000 մարդ սատարում է Քոչարյանին․ «Եվ նաև մեր հարցումներն են ցույց տալիս, որ Ռոբերտ Քոչարյանը, շատ մեղմ ասած, այդպիսի հեղինակություն չունի։ Այս առումով՝ այն քաղաքական գործիչները, որոնք որ սատարում են Ռոբերտ Քոչարյանին, ոչ միայն սատարում են, այլ նաև համարում են, որ Երևանի կենտրոն տանկեր հանած երկրի ղեկավարը չպետք է լինի բանտում, թող այդ մարդիկ հավաքվեն և բոլորը միասին կդառնան քաղաքական դիակ։

ՀՀ-ում քաղաքական դիակ կդառնա նա, ով կասի Երևանի կենտրոնում ցուցարարների դեմ տանկեր հանած ղեկավարը չպետք է նստի»,- ասաց Իոաննիսյանը։ Ռոբերտ Քոչարյանը Վերաքննիչ քրեական դատարանում այսօր հայտարարությամբ է հանդես եկել՝ հիշեցնելով, որ ինքը եղել է երկու պետությունների նախագահ ու որ Արցախյան պատերազմում մեծ ներդրում է ունեցել․ «ՀՀ-ում ևս եղել եմ նախագահ, մինչև իմ նախագահ լինելը ՀՀ-ն դասվում էր աղքատ երկրների ցանկում, այդ նախագահության ժամանակ երկիրը դարձել է միջին եկամուտ ունեցող երկիր և մինչ օրս այդպես էլ մնում է: Եթե այս արդյունքներն ապահոված մարդուն համարում են վտանգ, ուրեմն ի՞նչ ասեմ, մենք մանկուրտների երկիր ենք»։ Դանիել Իոաննիսյանն այսպես արձագանքեց Քոչարյանի հայտարարությանը․

«Եթե մենք զուգահեռներ տանենք Քոչարյանի նախորդ ասածների հետ, և հիշենք, որ ինքը հանրապետության միակ տղամարդն է, ստացվում է՝ հանրապետության միակ տղամարդը հիմա նստած է։ Եթե լուրջ՝ ենթադրենք ինչ-որ մեկը մարդկանց փող է տալիս, լավ բան է անում 10 հոգու համար և հետո մեկին գնդակահարել է, պիտի ասեն գիտեք ինչ՝ էս մարդը 10 հոգու կոպեկներ է տվել ու ներենք, որ ինքը գնադակահարե՞լ է։ Մյուս կողմից՝ Քոչարյանի տարիների տնտեսական աճի փուչիկ լինելը պայթեց 2008 թվականի տնտեսական ճգնաժամին զուգահեռ, եթե Քոչարյանի փոխարեն լիներ մեր հարևան Վարսիկ տոտան, վստա՞հ ենք, որ այդ տնտեսական աճը չէր լինի»,- ասաց պարոն Իոաննիսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ