Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում քննարկվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2020 թ. բյուջետային հատկացումների հայտը: Քննարկումը ծավալվել է նախարարության 2020 թ. առաջնահերթությունների, գերակա խնդիրների, միջոցառումների և բարեփոխումների շրջանակում անելիքների շուրջ։
Նախ քննարկվել են հանրակրթության ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ տարվող աշխատանքները: Նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ ուսումնական հաստատությունների արդյունավետության բարձրացման նպատակով 2020 թ. նախատեսվում է կազմակերպել ուսուցիչների ատեստավորման գործընթաց, որի արդյունքներից ելնելով էլ կիրականացվեն վերապատրաստման ծրագրեր: Աշխատանքներ են տարվում ավագ դպրոցների ծրագրերը փոխելու, դրանք ավելի արդյունավետ դարձնելու ուղղությամբ: Քննարկումներ են ընթանում նաև առարկայացանկի և ուսումնական ծրագրի շուրջ:
Անդրադարձ է կատարվել նաև կրթական հաստատությունների մասով նախատեսվող կապիտալ ծախսերին, նախակրթարանների գործունեությանը: Նշվել է, որ նախակրթարանում երեխան օրվա ընթացքում գտնվում է ընդամենը 4-5 ժամ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսելով նախակրթարանների մասին՝ նշել է, որ դրանց միջոցով պետությունը պետք է կարողանա ծնողների համար ստեղծել լայն հնարավորություններ՝ աշխատելու համար, իսկ երեխաներն արդեն իսկ նախակրթարաններում պետք է սկսեն կրթական պրոցեսը, մտնեն կրթական գործընթացի մեջ:
«Պետք է ունենանք երկրի զարգացմանը նպաստող կրթական ծրագիր, որպեսզի մարդուն օժտենք մաքսիմալ հմտություններով»,- նշել է վարչապետ Փաշինյանը: