Արդեն երկու օր է՝ բուռն քննադատության առիթ է դարձել «Միսս տիեզերք 2019» մրցույթում Հայաստանը ներկայացնող Դայանա Դավթյանի «ազգային հագուստ» ցուցադրության ժամանակ կրած զգեստն ու գլխի հարդարանքը:
«Միսս տիեզերք 2019» մրցույցը կայացել է դեկտեմբերի 8-ին՝ ԱՄՆ-ում: 21-ամյա Դայանա Դավթյանը լավագույն 20-յակում տեղ չի զբաղեցրել: Ֆեյսբուքյան օգտատերերից շատերը դժգոհում են, որ մրցույթի պաշտոնական էջում եւս ծաղրել են աղջկա հագուստը: Որոշներ մարդիկ էլ գրում են, որ եթե իրենց դիմեին, ապա հայկական տարազի համադրությամբ շատ գեղեցիկ հագուստ կարող էին տրամադրել:
«Միսս Արմենիա» համայհայկական մշակութային հիմնադրամի ղեկավար, «Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999», «Միսիս գլոբ 2010» տիտղոսակիր գեղեցկուհի Գոհար Հարությունյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց, որ Հայաստանի ներկայացուցիչն ընկճված է ներկայացրել մեր ազգային տարազը: Նա չի կարողացել հաղթահարել մրցակցությունը:
Լուսանկարում՝ Գոհար Հարությունյան «Ես դժգոհ եմ մեր մասնակցի մոտեցման ձեւից: Այստեղ այլ խնդիր է եղել. տեսնելով այլ երկրների գունավոր եւ պսպղուն զգսետները՝ մեր մասնակիցը իր հագուստը չի հավանել, որը նախապես բոլոր դետալներով համաձայնեցված է եղել իր հետ: Եթե նա պրոֆեսիոնալ մոդել լիներ, պետք է իրեն այսպես դրսեւորեր՝ սա է մեր տարազը եւ այն ամենալավն է: Մենք ավելի շատ իր մատուցման ձեւի ու ժպիտի պատճառով ունեցանք վատ ելույթ, քան հագուստի»,- ասաց Գոհար Հարությունյանը:
Նա նկատեց, որ «Միսս տիեզերք»-ում հստակ ազգային տարազներ չեն ցուցադրվում: Մրցույթի մասնակից երկրներն արդեն 68 տարուց ավելի է՝ ներկայանում են եւ չեն կարող ամեն տարի նույն տարազները ցուցադրել: Ընտրում են ինչ-որ սիմվոլիկա եւ ժամանակակից լուծումներով մատուցում:
«Միսս տիեզերք 2019»-ում այլ երկրների ցուցադրած ազգային հագուստներից մեկը Գոհար Հարությունյանը նկատեց, որ մյուս երկրներում մրցույթի մասնակից մոդելի հագուստի դիզայները լինելու համար մրցակցություն ու թեժ պայքար է գնում, իսկ Հայաստանում այդպիսի մասնագետ գտնելը մեծ բարդություն է: Նա միաժամանակ կարծիք հայտնեց, որ նման մրցույթները պետական մակարդակով պետք է աջակցություն ստանան: Նշեց, որ ինքը միայնակ է ամեն ինչ կազմակերպել եւ բավականին մեծ դժվարությունների միջով անցել: «Մի քանի մերժում ստանալուց հետո ես հազիվ եմ դիզայներ գտել: Այստեղ մենք խորքային խնդիրներ ունենք, կուզենայի, որ մեր հանրությունը նախքան քննադատելը մի բանով աջակցեր: Կյանքում այդքան մերժում չէի ստացել, որքան այս վերջին երեք տարում:
Մենք հիմնադրամ ենք, շահույթ չենք հետապնդում, բայց ամեն կերպ ձգտում ենք մրցույթներին մասնակցել: Սա բիզնես չէ, սա երկրի շահերից բխող մրցույթ է: Ես տեսա, որ մարդիկ կային, որոնք բորբոքել են, թե էլի խայտառակ եղանք աշխարհով մեկ եւ այլն: Մենք հարձակումների համար չենք անում, եթե ժողովուրդը դժգոհ է, թող մի բանով աջակցի»,- ասաց նա: