«Քաղաքական առումով ում է պետք Սերժ Սարգսյանը. ենթադրում եմ՝ ինչ-որ փուլում նոր մեղադրանք կլինի». Ալեն Սիմոնյան

«Նախևառաջ պետք է ասեմ՝ իսկ ում է պետք քաղաքական առումով Սերժ Սարգսյանը, ինչ է նշանակում, թե քաղաքական հետապնդում կա, ամբողջ ազգի կողմից Սերժ Սարգսյանը վերջերս մերժված քաղաքական գործիչ է»,-ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանին առաջադրած մեղադրանքին և ՀՀԿ գնահատականին:

Նա նշեց, որ ենթադրում էր ավելի ծանր մեղադրանքի առաջադրում:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հատուկ քննչական ծառայությունից հայտնում են, որ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը։

ՀՔԾ-ում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա, 2008 թվականի ապրիլի 9-ից մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով նախագահի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013 թվականի հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489.160.310 դրամի հափշտակության կատարումը:

Առաջին Լրատվական

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ