«Մարդ ա, միտք ա առաջարկել, ասեք սխալ ես ասել և հիմնավորեք»․ Նիկոլ Փաշինյանը՝ առողջապահական ապահովագրության մասին

Մենք արդեն ավելի քան մեկ տարի քննարկում ենք, թե ինչպես հասնենք մեր նպատակին, որ ՀՀ քաղաքացին հիվանդանոց դիմելու խնդիր չունենա։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 4-ին,  Աժ-ում հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Առողջապահության նախարարության առաջարկած 6 տոկոսը առողջապահական ապահովագրության համար ընդունելի է։

«Ձեզ պետք է ուղիղ ասեմ, որ կառավարությունում միասնական կարծիք չկա։ Մոտ 10 առաջ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ինձ գրեց էլեկտրոնային փոստով, որ իրենք ունեն որոշակի հայեցակարգային մոտեցում, որն ուզում են դնել հայեցակարգային քննարկման։ Ես ասեցի, որ դեմ չեմ դրվի հանրային քննարկման, բայց որ արձանագրվի, որ դա քաղաքական որոշում չէ, սա արվում է թեման բացելու, հասկանալու համար ինչ տեսակետներ կան»,-նշեց նա։

Նիկոլ Փաշինյանին զարմացրել է այն ռեակցիան, որ հետևում է առաջարկներին․ «Մեր զարգացման նոր օրակարգը և մեր զարգացման նոր հրամայականները մեր առաջ դնում են խնդիր լինել բացամիտ, սա նշանակում է, որ արտահայտված մտքերին այնպիսի ռեակցիա չտան, որ մարդիկ սկսեն վախենալ մտածել։ Մարդ ա, միտք ա առաջարկել, փորձագիտական խումբը կարծիք է հայտնել, ասեք սխալ ես ասել և հիմնավորեք։

Մենք ստեղծում են Հայաստանում մթնոլորտ, որ մարդիկ վախենում են միտք արտահայտել, որովհետև կասեն դու կամ ազգի դավաճան ես, կամ գործակալ ես, եկեք մի հատ լիցքաթափվենք, որովհետև այն որոշումները, որ պետք է կայացվեն, պետք է ընդունելի և հիմնավորված լինի, անհիմն որոշում բացառվում է, որ կայացնենք»։

Նյութի աղբյուր՝ news.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ