«Սպանություն է որակվել»․ Արթուր Աջամյանի հարազատները դադարեցրին ակցիան

Ազգային ժողովի դիմաց այսօր՝ դեկտեմբերի 4-ին, բողոքի ակցիա իրականացնող մահացու հրազենային վիրավորում ստացած, ազգությամբ եզդի Արթուր Իշխանի Աջամյանի հարազատների հետ հանդիպեց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Արթուր Աջամյանի հորեղբայրն ասաց,որ եթե իրենց բավարարող պատասխան չստանան, որոշակի քայլերի կդիմեն․  «Ես խոստանում եմ, որ եթե մեզ բավարարող որևէ պատասխան չտան, ես դին տեղափոխելու եմ այստեղ»։

Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց, որ ինքը չէ հասցեատերը, բայց խոստացավ՝ ամեն ինչ անելու է, որ բացահայտվի ճշմարտությունը․

«Հասկանում եք, որ ես չեմ հասցեատերը, Պնախարարությունն է։ Ինձ համար կարևոր է, որ բացահայտվի ճշմարտությունը։ Եթե դա սպանություն է, ես ձեզ ասում եմ, որ ամեն ինչ անելու եմ, որ դա որևէ այլ որակավորում չստանա։ Ես երդվում եմ Աստծո առաջ։ Մենք պետք է հասնենք նրան, որ մեղավորները կրեն իրենց պատասխանատվությունը։ Ասում եմ որպես մայր, որպես ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ, ոչ մի բան չի կոծկվելու։ Հաշվեք՝ ես ձեզանից մեկն եմ, հաշվեք՝ Արթուրը իմ որդին է, ձեր զինվորը մեզանից յուրաքանչյուրի զինվորն է»։

Հարազատները պնդեցին՝ եթե ինքնասպանություն է, ինչու են տղայի մարմնի վրա կապտուկներ եղել, մատերը կոտրված են եղել։

Հարազատները պահանջեցին, որ իջնի և իրենց հետ հանդիպի Պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ զբաղվելու է այդ հարցով․

«Մեր հանձնաժողովը ձեր կողքը կանգնած է, ամեն ինչ անելու ենք, որ ճշմարտությունը բացահայտվի, որովհետև սա ամենաահավոր բանն է, որ բանակում տեղի է ունենում՝ ինքնասպանություն, սպանություն։ Մեր խնդիրը դրանք օր առաջ արմատախիլ անելն է»։

Հարազատները պնդեցին՝ եթե քննության փուլում է, ինչու են ասում՝ ինքնասպանություն է, բացի այդ ուր է զինվորների հետ դիրքեր բարձրացած սպան, ինչու չի խոսում, չի ասում ինչ է կատարվել։

Անդրանիկ Քոչարյանն ասաց․ «Այդ հարցերի պատասխանը նախաքննական մարմինը կտա, իմ խնդիրն է, որ այդ պատասխանները լինեն օբյեկտիվ»։

Հարազատները պնդեցին, որ եղել է սպանություն, կա երրորդ անձ։

Կոնտակտի մեջ կլինեն հարազատների փաստաբանի հետ։

Հանրապետական զինկոմիսարի պաշտոնակատար, գնդապետ Արմեն Ավթանդիլյանը  և ՊԲ հրամանատարի տեղակալ Գևորգյան Ստյոպան ևս եկել էին ԱԺ։

Ավթանդիլյանն ասաց, որ զինվորական կարգով են հուղարկավորելու Արթուր Աջամյանին․ «Զինվորական կոմիսարիատից տեղեկացրել են հարազատներին, ներկայացել են և պապիկի հետ խոսել են, նաև մայրն է եկել զինվորական կոմիսարիատ։ Դեպքի հետ կապված բոլոր հարցերի պատասխանը ձեզ կտա ՊԲ հրամանատարի տեղակալը։ Ավթանդիլյանն ասաց նաև, որ զինվորական կարգով են հուղարկավորելու Արթուր Աջամյանին»։

Նրա խոսքով՝ վիրավոր զինվորին վիրահատել են, կոմայի մեջ է։

Անդրանիկ Քոչարյանը իջնելով ԱԺ-ի դիմաց, ասաց, որ խոսել է հարազատների հետ։

Քոչարյանը ասաց, որ իրեն հայտնի է դարձել, որ սպանություն է որակավորվել Արթուր Աջամյանի հետ կատարվածը, իսկ այն հրապարակումները, որ որակվում են ինքնասպանություն, շատ վտանգավոր են և անմարդկային։

Հարազատները ասացին, որ վստահում են Անդրանիկ Քոչարյանին և դադարեցրին ակցիան․

«Մենք գիտենք, որ քիչ անց այստեղ է լինելու վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բայց վստահում ենք պարոն Քոչարյանյանին, որ չենք շարունակում ակցիան»։

Նյութի աղբյուր՝ news.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ