«Կարմիրբերտավորը ցուցարարին հայհոյել է»․ պատգամավորները ոստիկանության առջև են

Երևանի Կենտրոնի բաժնի դիմաց, որտեղ այսօր բերման են ենթարկվել նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ՀՅԴ երիտասարդները, քիչ առաջ ժամանել են ԱԺ պատգամավորներ «ԲՀԿ» եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցություններից, ինչպես նաև ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամներ Արթուր Խաչատրյանը եւ Լիլիթ Գալստյանը։

Հիշեցնենք, որ Վազգեն Սարգսյան փողոցից ՀՅԴ երիտասարդներից 19 հոգի բերման է ենթարկվել Երևանի Կենտրոնի բաժին, հինգ հոգի տարվել են ոստիկանության Էրեբունու բաժին

Պատգամավոր Անի Սամսոնյանը ասաց, որ եկել է, որ վստահ լինի, որ քաղաքացիների ոչ մի իրավունք չի խախտվում։

«Ոստիկանության բաժնում խաղաղ էր, ոստիկաններն իրենց գործն էին անում, բերման ենթարկվածները հանգիստ նստած էին, զրուցել եմ բոլորի հետ, որևէ բողոք ոստիկաններից չկար, միայն խնդիր կար, որ չէին թողել հեռախոս օգտագործել, կարծում եմ՝ այդ խնդիրը հարթեցինք։ Կային բողոքողներ, որ իրենց բերման ենթարկելը եղել է ոչ իրավաչափ, ասում էին, որ կարմիրբերտավորը ցուցարարին հայհոյել է։ Մենք այդ մասով խոսեցինք բաժնի պետ պարոն Պապյանի հետ, եթե կլիներ բողոքներ, դրանց ընթացք կտան։ Հիմա կազմվում են արձանագրություններ, բերման ենթարկվածներին տարբեր ժամերի բաց կթողեն, ավելի շուտ, քան կլրանա 3 ժամը»,-նշեց նա։

Սամսոնյանն ասաց, որ գնում է Էրեբունու բաժին։

Արման Աբովյանն էլ ասաց, որ ուժի կիրառման հանգամանքը շատ խորը կուսումնասիրվի իրենց կողմից։ «ՊԵտք է հանդիպում լիներ, նախարարը պետք է հանդիպեր և լսեր ուսանողներին, նույնիսկ այն  մարդկանց, որոնք գուցե իր դուրը չեն գալիս, իսկ եթե չի լսում, դա բերում է այսպիսի իրավիճակների»։

Հիշեցնենք՝ ՀՅԴ երիտասարդները առաջարկել էին ԿԳՄՍ նախարարին հանդիպել, սակայն մերժումից հետո փորձել էին մուտք գործել նախարարության շենք, ապա նստել նախարարության մուտքի մոտ։ Ոստիկանները, սակայն, պահանջեցին ազատել նախարարության մուտքը, ապա բռնի ուժով հեռացրեցին երիտասարդներին։ ՀՅԴ երիտասարդները փակեցին Վազգեն Սարգսյան փողոցը։ Փողոցը բացելու համար ոստիկանական մեծ թվով ուժեր էին կենտրոնացվել, որոնք մի քանի անգամ գերազանցում էին ցուցարարների թվին, փողոցը բացելուց հետո ցուցարարների մի մասը բերման էր ենթարկվել։ ՀՅԴ երիտասարդները պահանջում են Արայիկ Հարությունյանի հրաժարականը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ