Արձաններ ներկելու «չելենջ». ի՞նչ ուղերձ են հղում Հայաստանում և Ռուսաստանում

Երևանում երեկ ներկ է լցվել ռուս անվանի գործիչ, դիվանագետ Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանի վրա: Արարքի հեղինակ Շահեն Հարությունյանն ավելի ուշ հայտարարել է, որ դա պատասխան է Ռուսաստանի Արմավիր քաղաքում Գարեգին Նժդեհի հուշատախտակի նկատմամբ նման քայլին:

Հայ երիտասարդի կողմից ռուս գործչի արձանի նկատմամբ այս քայլը արագ արձագանքներ ստացավ հայկական ու ռուսական մեդիադաշտում ու հանրության շրջանում: Այնքան արագ, որ մինչև լուսաբաց Գրիբոյեդովի արձանն արդեն մաքրված էր հենց քաղաքացիների ձեռքով:

Ժամերի ընթացքում Շահեն Հարությունյանը հրավիրվել է ոստիկանություն՝ բացատրություն տալու: Օպերատիվ կերպով հնչեց նաև մեր երկրում Ռուսաստանի դեսպանության հայտարարությունը.

«Կարծում ենք, որ հայ հասարակության կողմից այս արարքի միաձայն դատապարտումը վկայում է Ռուսաստանի և Հայաստանի միջև եղբայրական, դաշնակցային հարաբերությունների ամրության մասին, որոնք ունեն խորքային պատմական արմատներ»:

Գրիբոյեդովի արձանը ներկելը «վանդալիզմ» անվանեց վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը: Նույնպիսի գնահատական տվեց նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ռուս ներկայացուցիչ Ալեքսեյ Սանդիկովը՝ շեշտելով, որ Հայաստանում և Ռուսաստանում կատարված արարքները հանցագործություններ են:

«Վանդալիզմ» բնորոշված այս պատմության արմատները գալիս են հոկտեմբերի 11-ից, երբ ԱՊՀ ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ Ադրբեջանի նախագահն հայկական կողմին մեղադրեց, իր բնորոշմամբ, նացիստական գործիչ և ֆաշիստական Գերմանիայի հետ գործակցած Նժդեհին հերոսացնելու համար: Նիկոլ Փաշինյանի արձագանքը այդ պահին լռեցրեց Ալիևին:

«Ես անպատեհ եմ համարում պատմությունը խեղաթյուրելու փորձերը, որոշակի լարվածություն մտցնելու այս կարևոր նիստում։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքերն անհարգալից են, նախ և առաջ, հայ ժողովրդի նկատմամբ։ Եվ ես անհարգալից եմ համարում դրանք այն պետությունների և ժողովուրդների նկատմամբ, որոնք նրանք ներկայացնում են»,- հայտարարել էր Փաշինյանը։

Ադրբեջանական կողմը պաշտոնապես լռեց, սակայն Իլհամ Ալիևի գցած ցեցը սկսեց տարածվել Ռուսաստանում: Նոյեմբերի 13-ին Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքի հայկական եկեղեցու տարածք է ներխուժել քաղաքային դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովը և սև ներկով ներկել Նժդեհի հուշատախտակը։

«Արմավիրի Դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովի գործողությունները գնահատվում են որպես վանդալիզմի ակտ Հայ Առաքելական եկեղեցու տարածքում և ինքնիրավչության դրսևորում, ինչը հակասում է սահմանված իրավական ակտին։ Դեսպանատունը տեղի ունեցած վանդալիզմի մասին սահմանված կարգով կտեղեկացնի ՌԴ համապատասխան մարմիններին»,-հայտարարեց ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը:

Ռուս իրավապահները տեղեկացվեցին ու քննություն սկսեցին, բայց Նժդեհի անվան շուրջ աղմուկը ռուսական լրատվադաշտում շարունակվեց: Նոյեմբերի 19-ին Հայաստանի վարչապետի հետ հանդիպման ժամանակ ռուս լրագրողները բարձրացրին հարցեր Նժդեհի պատմական դերը գնահատելու անհրաժեշտության մասին:

Վարչապետ Փաշինյանը պարզաբանել է, որ Գարեգին Նժդեհի անունը հիշատակվում է հայկական պատմության մեջ Սարդարապատի ճակատամարտի ժամանակաշրջանից, որի արդյունքում 1918-ին ստեղծվեց Առաջին հայկական հանրապետությունը։ Մեկնաբանելով խոսակցությունները, թե Գարեգին Նժդեհը «ինչ-որ կապեր ուներ Երրորդ Ռեյխի ներկայացուցիչների հետ»՝ Փաշինյանը նշել է.

«Հետո ի՞նչ, Մոլոտովը նույնպես հարաբերություններ է ունեցել 3-րդ Ռեյխի ներկայացուցիչների հետ: Եկեք համատեղ հանձնախումբ ստեղծենք՝ ուսումնասիրելու, թե ինչ է այնտեղ կատարվել: Ինչ-որ մեկը Ռուսաստանում քննադատե՞լ է Մոլոտովի գործողությունները: Եթե պետք է սկսենք, ուրեմն եկեք Մոլոտովից սկսենք: Մեզ համար չկան հարցեր, թե ով է Գարեգին Նժդեհը: Նժդեհն այն մարդն է, ով Հովհաննես Բաղրամյանի հետ մարտնչել է իր հայրենիքի համար: Խոսե՞լ է նա նացիստների հետ, միգուցե: Մոլոտովն էլ է խոսել, Ստալինն էլ և շատերը»։

Այսպիսի հայտարարություններով, սակայն, ևս չսահմանափակվեց հարցի շահարկումը: Դեկտեմբերի 1-ին տեղեկություն տարածվեց, որ Արմավիրի հայկական եկեղեցու բակում տեղադրված Նժդեհի հուշատախտակը ապամոնտաժվել է: Այն, ինչ տեղի ունեցավ Երևանում դեկտեմբերի 3-ի գիշերը, և´ Հայաստանում, և´ Ռուսաստանում համարեցին պատասխան Արմավիրում կատարված քայլի:

Պաշտոնական Երևանի կողմից հնչեցին դատապարտող և միաժամանակ զգոնության կոչ անող հայտարարություններ: Հայաստանում ոստիկանությունը գործընթաց է սկսել Գրիբոյեդովի արձանի, Ռուսաստանի քննչական մարմինները, ըստ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Մարիա Զախարովայի, գործ են հարուցել Գարեգին Նժդեհի հուշատախտակի վրա ներկ լցնելու համար:

Արմավիրի հայկական համայնքն ավելի ուշ հայտարարություն է տարածել, որ հուշատախտակն ապամոնտաժվել է նորոգվելու և նախկին տեսքին համապատասխանեցվելու համար:

Նյութի աղբյուր՝ shantnews.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ