Աննա Դանիբեկյանն արձակուրդի պատճառով մոտ 1 ամսով ընդմիջեց Մարտի 1-ի գործով դատական նիստը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, ավարտեց Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և գործը կարճելու մասին փաստաբան Կարեն Մեժլումյանի ներկայացրած միջնորդության քննարկումն ընդմիջվեց։

Հաշվի առնելով, որ դատավոր Դանիբեկյանը դեկտեմբերի 10-ից մինչև դեկտեմբերի 30-ը գտնվելու է ամենամյա արձակուրդում, հաջորդ դատական նիստը նշանակվեց 2020 թվականի հունվարի 9-ին, ժամը 13:00-ին։

Միջնորդության քննարկման ընթացքում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Փաստաբանական թիմի անդամները նշեցին, որ նրանք նույնպես ունեն նմանատիպ միջնորդություն, որը սակայն պետք է առանձին քննարկվի, քանի որ չնայած պատճառաբանված մասում առկա ընդհանրություններին, կան նաև որոշակի տարբերություններ, միջնորդությունների առարկան և խնդրանքները տարբեր են և վերաբերում են տարբեր անձանց։

Պաշտպան Հայկ Ալումյանի խոսքով, որպեսզի որևէ մեկը քրեական պատասխանատվության ենթարկվի 2008 թվականի իրադարձությունների համար, անհրաժեշտ է, որ նրան վերագրվող արարքի նկարագրությունը համապատասխանի ինչպես այն ժամանակվա Քր․ Օր-ի 300 հոդվածին, այնպես էլ ներկայիս Քր․ Օրենսգրքի 300.1 հոդվածին։
«Եթե այս հոդվածներից որևէ մեկը հնարավոր չէ մեղսագրել այդ մարդուն, ապա 2008 թ․ իրադարձությունների համար նրա նկատմամբ հնարավոր չէ քրեական հետապնդում իրականացնել։ Երկրորդ՝ եթե քրեական որևէ օրենք չի համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին, և եթե այդ հանգամանքը հանրաճանաչ է, ուրեմն որևէ մեկը չի կարող այդ հոդվածով պատասխանատվության ենթարկվել։

Երրորդ՝ 2008 թ․ դրությամբ Քր․ Օր․-ի 300 հոդվածը չէր համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին։ Այստեղից կարելի է անել միայն մեկ հետևություն՝ այստեղ նստածներից որևէ մեկը չի կարող այսօրվա Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով ենթարկվել քրեական պատասխանատվության հենց իրավունքի ուժով», — ընդգծեց Ալումյանը։

Ըստ նրա՝ ներկայիս դատախազները վիճում են վեց մյուս դատախազների հետ, որոնք 2009թ․ այդ հոդվածների վերաբերյալ ունեցել են բոլորովին այլ կարծիք։
Մինչ այդ Փաստաբանական թիմը խնդրեց մինչև դատավորի արձակուրդ մեկնելը՝ այս շաբաթվա ընթացքում ևս մեկ դատական նիստ կազմակերպել, որպեսզի հնարավորություն տրվի անդրադառնալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցին։ Հայկ Ալումյանը հիշեցրեց Եվրոպական դատարանի այն դիրքորոշումը, որ այն գործերով, որոնցով անձը գտնվում է կալանքի տակ, պետք է քննվի առանձնահատուկ ջանասիրությամբ: Սակայն մեղադրող դատախազներն ու տուժողների իրավահաջորդները առարկեցին։

Իր հերթին պաշտպան Արամ Օրբելյանը նշեց, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոփոխելու վերաբերյալ միջնորդություն վերջին անգամ քննարկվել է հոկտեմբերին, մինչդեռ, եթե անձը գտնվում է կալանքի տակ, ապա հնարավորություն է տրված դա կոմպենսացնել՝ երկու ամիսը մեկ խափանման միջոցը փոփոխելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելով։

Նյութի աղբյուր՝ 24news.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ