Ջհանգիրյանի մարտահրավերը․ ի՞նչ է պատասխանելու Քոչարյանը

ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը դիմել է վարչական դատարան՝ պահանջելով առոչինչ ճանաչել իրեն կոչումներից զրկելու և զբաղեցրած պաշտոնից ազատելու ՀՀ նախագահի 2008 թվականի փետրվարի 23-ի թիվ ՆՀ-28-Ա և ՆՀ-29-Ա հրամանագրերը։

Ջհանգիրյանը, լինելով գլխավոր դատախազի տեղակալ, 2008 թվականի փետրվարի 22-ին ելույթ է ունեցել ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ, մինչդեռ օրենքն արգելում էր դատախազներին զբաղվել քաղաքականությամբ։ Նրա գործողությանն անմիջապես արձագանքել էր դատախազությունը և նույն օրը միջնորդություն ներկայացրել ՀՀ նախագահին Ջհանգիրյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու և դատախազության համակարգից հեռացնելու համար՝ նկատի ունենալով, որ նա «կոպտորեն խախտել է» «Դատախազության մասին» օրենքի պահանջը։

«Դատախազության մասին» ՀՀ օրենքը նաև 2008 թվականին սահմանում էր, որ «Դատախազը չի կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Դատախազը ցանկացած հանգամանքներում պարտավոր է դրuևորել քաղաքական զսպվածություն և չեզոքություն»:

Զուտ ֆորմալիստական առումով՝ Քոչարյանը ճիշտ է վարվել, որովհետև Գագիկ Ջհանգիրյանը փաստորեն ելույթ է ունեցել ընդդիմության առաջնորդի հանրահավաքին՝ մասնակից դառնալով քաղաքական գործընթացին։ Սակայն Քոչարյանի «ճիշտն» այսքանով սահմանափակվում է, որովհետև բոլորի համար ակնհայտ է, որ նրա հրամանագիրը հրապարակվել է միայն այն բանի համար, որ նույն օրը ֆորմալիզացվեն Ջհանգիրյանի հանդեպ ոստիկանության գործած ապօրինությունը, բռնությունը, հետո նաև քաղաքական բռնությունները, որոնց հետևանքով գլխավոր դատախազի նախկին տեղակալը երկար տարիներ անցկացրեց բանտում։

Եթե առաջնորդվենք ֆորմալիստական մոտեցմամբ, ապա առաջինը պետք է պատասխանատվության ենթարկվի հենց Ռոբերտ Քոչարյանը, որը 1998-ին նախագահի թեկնածու առաջադրվելու սահմանադրական իրավունք չուներ, էլ չենք ասում այն մասին, որ նա զույգ նախագահական ընտրություններում «հաղթել» է տոտալ ընտրակեղծիքների միջոցով, այլ խոսքով՝ բռնազավթել է իշխանությունը։ Բռնազավթչի բոլոր հրամանագրերն իրավական առումով առոչինչ են, տվյալ դեպքում՝ Ջհանգիրյանը փորձել է վերացնել իշխանության բռնազավթման հետևանքները, այլ խոսքով՝ Ազատության հրապարակում միացել է տասնյակ հազարավոր քաղաքացիներին, որոնք ընդվզել են ընտրությունների հերթական կեղծման, սահմանադրական կարգի տապալման հերթական դրսևորման դեմ։

Իրավա-քաղաքական տեսանկյունից՝ Ջհանգիրյանի հայցը միանգամայն իրավաչափ ու լեգիտիմ է ու միանգամայն տեղավորվում է անցումային արդարադատության տրամաբանության համատեքստում։ Այլ խնդիր է, որ գործող իշխանությունը համապարփակ իրավա-քաղաքական գնահատական չի տվել քրեաօլիգարխիայի իշխանության քսան տարիներին, ինչի պարագայում Ջհանգիրյանի հայցը կարող է քաղաքական և իրավական տարընթերցումների տեղիք տալ։ Մյուս կողմից, անցումային արդարադատությունը հատվածաբար իրականություն է դառնում, օրինակ՝ Մարտի 1-ի գործով դատապարտյալներ Սմբատ Այվազյանն ու Մուշեղ Սաղաթելյանն արդարացվել են, ՊՆ նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի գեներալական ուսադիրները վերադարձրել է հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Սրանք նախադեպեր են այն մասին, որ իշխանության բռնազավթման հետևանքները վերացվել են, ու այս համատեքստում Գագիկ Ջհանգիրյանի պահանջը միանգամայն իրավաչափ է՝ իրավական ու քաղաքական տեսանկյուններից։ Այս հարթության վրա հարցեր պետք է ուղղվեն ոչ Ջհանգիրյանին, այլ Քոչարյանին, որը հերթական անգամ կանգնած է պատասխան տալու անհրաժեշտության առջև։

Նյութի աղբյուր՝ Առաջին Լրատվական

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ