«Եթե մեզ ճաղերի հետևում պահեն, իսկականից կխելագարվենք». նևրոզով հիվանդները դեմ են կլինիկայի փակմանը

Նևրոզների կլինիկայում պարբերաբար բուժում ստացող Վոլոդյա Մաթևոսյանի նյարդերն արագ են տեղի տալիս, վերջին օրերին այստեղ արագ են բարկանում՝ լսել են՝ կլինիկան ուզում են փակել: Արցախյան պատերազմի մասնակից Մաթևոսյանն ասում է՝ միայն այստեղ են անվճար հանգստացնում քրոնիկ նևրոզը:

Գևորգ Գևորգյանն անվճար բուժօգնության ուղեգիրը ցույց տվեց, որով մինչև այստեղ գալը անպտուղ պտտվել է տարբեր բուժհաստատություններով․ «Մի տեղ ասում են՝ տեղ չկա, մի տեղ ասում են՝ մասնագետ չկա, մի տեղ ասում են՝ տեղ չունենք պառկելու: Էս ուղեգիրն ինչո՞ւ են տալիս ինձ»:

Քասախի նևրոզների կլինիկան 35 տարվա պատմություն ունի, միակն է տարածաշրջանում։ Այստեղ 50 մահճակալ կա և դրանք միշտ զբաղված են։ Առաջնային հիվանդների թիվը 55 տոկոս է։ Կլինիկայի տնօրեն Ցոլակ Հակոբյանը ցույց տվեց Առողջապահության նախարարությունից ստացած վերջին պաշտոնական գրությունը, որով տեղեկացնում են, որ իրականացնում են հոգեկան ու նարկոլոգիական հիվանդների բուժօգնության ծառայությունների կենտրոնացում և նախատեսում են եկող տարի նևրոզների կլինիկայում պետպատվեր չտեղադրե։

«Հոգեբուժական հիվանդները կարող են բուժվել միայն պետպատվերի շրջանակներում, այսինքն՝ վճարովի ծառայությունները բացառվում են, հետևաբար ընկերությունը պետք է լուծարվի, էդպես է ստացվում», — նշեց Հակոբյանը:

Հոգեբուժական օգնության մասին օրենքով հոգեկան խանգարումներով մարդկանց բուժօգնությունն իրականացվում է պետության հաշվին։ Նախարարությունը գումար չտեղադրելով կլինիկան փակում է, այնինչ այստեղ տարեկան 700 մարդ է բուժվում, ասում է տնօրենը։ Ցոլակ Հակոբյանը շեշտում է՝ նևրոզով հիվանդը հոգեբուժարան չի գնա, կարծրատիպերի հարց է:

«Նևրոզ տանող հիվանդների վախերից մեկը խելագարվելու վախն է, դրա համար էլ որոշեցին առանձնացնել: Երբ նևրոզով հիվանդը գիտի, որ պատի այն կողմը ծանր հոգեկան հիվանդ է բուժվում, նրա բուժումը արդեն խաթարվում է: Նա ուղղակի չի գնում այդ կլինիկա բուժվելու», — ընդգծեց կլինիկայի տնօրենը:

Հակոբյանը միացյալ նահանգների օրինակն է բերում, որտեղ Վիետնամական պատերազմից վերադարձածների համար վերականգնողական կենտրոններ ստեղծեցին՝ ուշացումով․ «Այսօր Ամերիկայի Միացյալ Նահանգներում 200 էդպիսի կենտրոններ են անվճար գործում, օգնում են տարբեր պատերազմի վետերաններին, մյուս 10 տարիների ընթացքում արդեն խաղաղ, 100 հազար այդ վետերաններից ինքնասպանություն են գործել»:

Առողջապահության նախարարը շաբաթներ առաջ խորհրդարանում պետպատվեր չնախատեսելը հիմնավորեց նրանով, որ Հայաստանում կան հոգեկան առողջության կենտրոններ, նևրոզներն առանձին հաստատությունում բուժելը ծախսարդյունավետ չէ: Կլինիկայում նևրոզներից բուժվում են ոչ միայն ազատամարտիկները, այստեղ տարբեր սթրեսներից հետո բնական կյանքի վերադառնալ ցանկացողներն են։ Քոչար Բագոյանը 6 տարի կլինիկա գնում գալիս է:

«Նևրոզը մի հիվանդություն է, որ սաղ կյանքը մարդու կողն ա, մենք նևրոզով բուժվում ենք, գնում ենք մի տարի մեր էրեխեքին պահում ենք, կրկնվում է, նորից գալիս պառկում ենք: Եթե մեզ տանեն հոգեբուժարան, ռեշոտկի մեջ պահեն, մենք իսկապես կխելագարվենք», — նշեց Բագոյանը:

Հասմիկ Կարապետյանը չի մոռանում այն, ինչ ասել են հիվանդանոցներից մեկում․ «Խելոք չպահես ձեռք ու ոտքդ կկապեմ»:

«Շատ փիս վիճակում եկա», — պատմում է մյուս տիկինը, որ հույս ունի՝ շուտով տուն կգնա և կտեսնի ամուսնուն, որին տեսնել չէր ուզում։

Մանրամասներն՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ