«Նիկոլ Փաշինյանը ինձ չի դիմել, բայց ես միանում եմ իր նախաձեռնությանը». Արամ Սարգսյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զ. Սարգսյանը:

–Ավարտվեց աշխատանքային շաբաթը, ամենաթարմ իրադարձությունը, թերևս, համահայկական հեռուստամարաթոնն էր, որտեղ հանգանակվեց շուրջ 10 միլիոն դոլար. քիչ է, չէ՞:

-Այո՛, իհարկե քիչ է, եթե համեմատում ենք, ասենք, Իսրայելում արվող նման մարաթոնների հետ (շատ դեպքերում մենք սիրում ենք մեզ համեմատել հրեաների հետ), ապա մեր պետությանը, մեր հիմնական խնդիրներին տրամադրվող գումարների առումով երբեմն մենք ժլատություն ենք անում, երբեմն մտածում ենք՝ ճիշտ չեն ծախսի, երբեմն մտածում ենք՝ կգողանան, բայց դա գերկարևոր խնդիր է ու պարտադիր է պետք է նվիրատվություն անել: Ես էլ երբեմն նման ծուլություն եմ ունենում, բայց այն նախաձեռնությունը, որ արեց վարչապետը, ինձ համար ոչ միայն ընդունելի է, այլ նաև գովելի է, երկրաչափական պրոգրեսիայի մեթոդը շատ լավ աշխատող մեթոդ է, ուղղակի ճիշտ պիտի պրոպագանդի յուրաքանչյուր երեքը հաջորդ երեքին, նրանք էլ հաջորդ երեքին և այդպես 21, 22 կամ 23 դոլարի մասով, ճիշտ է, Ն. Փաշինյանը ինձ չի դիմել, բայց ես էլ եմ միանում այդ նախաձեռնությանը և ամեն ամիս 23 դոլարին համարժեք դրամ փոխանցելու եմ «Հայաստան» համահայկական հիմնադրամին և իմ ընկերներին էլ՝ 3 հոգու, կոչ կանեմ, որ այդ գումարներն ուղարկեն:

–Դա այդպես, բայց «Հայաստան» համահայկական հիմնադրամից այս տարվա սպասելիքները բացատրվում են նաև Հայաստանում տեղի ունեցած փոփոխությամբ՝ պետք էր հիմնադրամին ավելի շատ վստահել, պետք էր ավելի շատ գումար հանգանակել, բայց դա տեղի չունեցավ, հիմա խորքային ինչ-որ պատճառ կա–չկա, թե՞ սա է մեր հնարավորության սահմանը:

-Ընդհանրապես ես կարծում եմ, որ բարեգործության և հայրենիքին օգնելու առումով մշակույթի նախարարությունը, պետական իշխանությունները լուրջ անելիքներ ունեն, որպեսզի վստահությունը վերականգնեն: Կա ներքին իներցիա:

-Վստահության բացակայությո՞ւն է:

-Այո՛, կարծում եմ «Համահայկական հիմնադրամ»-ի տնօրենի հետ կապված վերջին շրջանի դեպքերը, որոնք հանրային սեփականություն դարձան, և մարդիկ իմացան, թե ինչ է տեղի ունեցել, թե ինչ են արվել այն գումարները, որոնք իրենք տվել են, չնայած մարդը ասում է, որ ինքը հանցագործություն չի կատարել, վերցրել է հիմնադրամից, հետո վերադարձրել է, բայց դա էլ է հանցագործություն, նա իրավունք չուներ այդ գումարները վերցնելու, և այդ ամենն ազդեցություն ունեցավ հիմնադրամի հանդեպ հավատի առումով: Կարծում եմ, որ այս առումով լուրջ անելիքներ կան, որոնք ավելի շատ մշակութային, հոգեբանական և հոգևոր դաշտին են վերաբերում:

Նյութի աղբյուր՝ Առաջին Լրատվական

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ