Մարտի մեկի ևս մեկ վկա մահացավ․․․ Ով էր Աշոտ Կարապետյանը․․․

Աշոտ Կարապետյանը, հիշեցնենք, 2016 թվականին ՊՊԾ գնդի գրավման օրերին «Սարի թաղում» տեղի ունեցած դեպքերից հետո ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ազատվեց Երևան քաղաքի վարչության պետի պաշտոնից: Բացի նրանից, Ոստիկանությունում ընթացող ծառայողական քննությունների արդյունքներով, ոստիկանության պետի հրամաններով աշխատանքից ազատվել էին նաև ոստիկանության մի շարք ծառայողներ:

Հեղափոխությունից կարճ ժամանակ հետո լուրեր տարածվեցին, թե իշխանությունը մտադիր է Կարապետյանին համակարգ վերադարձնել և նշանակել ՀՀ ոստիկանապետի տեղակալ, սակայն ինքը՝ Կարապետյանը, մամուլում հայտնել էր, որ իրեն նման առաջարկ չի արվել:

Ով էր Աշոտ Կարապետյանը Ա. Կարապետյանը, նշենք, ոստիկանության համակարգում էր 1993-ից, և տարբեր պաշտոններ է զբաղեցրել: Հանրությանը առաջին անգամ նրա անունը հայտնի դարձավ 2004-ի ապրիլյան հանրահավաքների օրերին Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակիչ, ՀԺԿ անդամ Գրիշա Վիրաբյանի հետ տեղի ունեցած միջադեպից հետո։

Մամուլում գրվեց, որ այդ ժամանակ ոստիկանության Արարատի մարզի վարչության պետի տեղակալ Աշոտ Կարապետյանը, Արտաշատի ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետ Հովիկ Մովսիսյանի, մարզի պետավտոտեսչության պետ Ավետիք Հարությունյանի և ոմն «Պոլիս Արմենի» հետ խոշտանգել էին Վիրաբյանին` առանձնակի դաժանությամբ հարվածել էին Վիրաբյանի ամորձիներին, մեկ բառով` «հոշոտել»:

ՀԺԿ-ականը տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ նա վիրահատության էր ենթարկվել` բժիշկները հեռացրել էին Վիրաբյանի ամորձիները և հարազատներին հայտնել, որ եթե նա մեկ ժամ ուշ իրենց մոտ տեղափոխվեր, ապա նա փրկվելու շանս չէր ունենա: Այս միջադեպից հետո Աշոտ Կարապետյանը ոչ միայն պատասխանատվության չենթարկվեց, այլև իր հանցակիցների հետ քրեական գործ էին սարքել Վիրաբյանի դեմ. մեղադրանքի էությունը մոտավորապես այս էր. տուժողը, իբրև թե ամորձիներով անընդհատ հարվածել է Աշոտ Կարապետյանի և մյուս երեքի դեմքին ու մարմնի տարբեր մասերին, վերջիններս էլ մի կերպ են դիմադրել ու դիմադրության հետևանքով, փաստորեն, վնասել ՀԺԿ-ականի գոտկատեղից ներքև գտնվող օրգանը: Ի դեպ, նշենք, որ Վիրաբյանն այդ ժամանակ շղթայված է եղել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ