«Քաղաքացիները կարող են վերադառնալ հայրենիք ավելի շուտ, քան 27 տ., վճարեն 10 մլն դրամ և ծառայեն 1 ամիս…». Հայկ Սարգսյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի՝ «Արագացված զինվորական ծառայության մասին» օրինագիծը ենթադրում է արտագաղթի դեմ պայքարի միջոց:

Այս մասին այսօր՝ հրավիրված ասուլիսի ժամանակ, նման կարծիք հայտնեց ինքը պատգամավորը:

Քանի որ այս օրինագիծը մեծ քննարկում առաջացրեց հանրության շրջանում, Սարգսյանը հրապարակեց մի քանի թվային տվյալներ: Ըստ Սարգսյանի հրապարակած տվյալների՝ 2012 թվականին 8230 քաղաքացի չի ծառայել հայկական բանակում: Մի մասն ազատվել են, մյուս մասը՝ արտագաղթել: 2013 թվականին չի ծառայել 7800 քաղաքացի, 2017-ին՝ 7800: «Ես հնարավորություն եմ տալիս այս կորած թիվը բերել բանակ, բերել բյուջե»,- ասաց Սարգսյանը՝ հավելելով, որ նրանք, միևնույն է, արդեն չեն ծառայել և չեն էլ ծառայելու:

«Արագացված զինվորական ծառայության մասին» օրենքը ենթադրում է լրացումներ կատարել 2005 թ.-ից գործող օրենքում, այն է՝ 27 տարին լրանալուց հետո ՀՀ քաղաքացիները կարող են վերադառնալ Հայաստան, վճարել 3.6 մլն դրամ, խուսափել պատասխանատվությունից և առհասարակ չծառայել հայկական բանակում:

«Առաջարկում եմ, որ քաղաքացիները վերադառնան հայրենիք ավելի շուտ, քան 27 տարեկանը, վճարեն 10 մլն դրամ և արագացված կերպով ծառայեն 1 ամիս»,- ասաց Սարգսյանը:

Ըստ նրա՝ շատ քաղաքացիներ կգնան այս քայլին, ինչի արդյունքում մեր բանակը կհզորանա:

Ինչպես նշեց Սարգսյանը, ՀՀ-ում քաղաքացիները շատ տարբերակներ ունեն ու բազմաթիվ քայլերի են դիմում, որպեսզի խուսափեն ծառայությունից: Օրինակ՝ գնում են երկրից մինչև երեխայի 18 տարեկան դառնալը և վերադառնում 27-ից հետո կամ գնում են ուրիշ երկիր, երեխա ունենում այլ երկրում, որ լինի ուրիշ երկրի քաղաքացի: Սա միայն մեկ անձի շուրջ կատարվող երևույթ չէ, և, Սարգսյանի պնդմամբ, երիտասարդները գնում են երկրից՝ իրենց հետ տանելով ֆինանսական միջոցները, ընտանիքի անդամներին, ընկերներին:

Սարգսյանի կարծիքով՝ այս նախագծի շնորհիվ ՀՀ են վերադառնալու այն քաղաքացիները, ովքեր ցանկանում են գալ, բայց չեն գալիս մինչև 27 տարեկանը՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար:

Սարգսյանը չի կիսում այն պնդումը, թե սա շատ լավ առիթ է հարուստների համար: Նրա կարծիքով՝ 10 մլն դրամ ունեցող քաղաքացիներից շատերը գտնվում են արտերկրում և ուզում են գալ: Նրանց տրվելու է այդ հնարավորությունը՝ գալ ավելի շուտ, քան 27 տարին լրանալը, վճարել 3 անգամ շատ գումար և 1 ամիս ծառայել բանակում: 1 ամիս ծառայելուց հետո քաղաքացին ընդգրկվում է պահեստազորում, պատերազմի կամ զորահավաքի դեպքում պարտավորվում է ներկայանալ: Չներկայանալու դեպքում նախատեսվում է կալանք՝ մինչև 5 տարի ժամկետով:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ