Ալիևը սկսեց հանձնել․․․ Ադրբեջանի խուճապը սահմաններ չի ճանաչում

Ադրբեջանի իշխող՝ Ենի Ազերբայջան կուսակցությունը հայտարարել է, որ նոյեմբերի 29-ին պետք է խորհրդարանը քննարկի լուծարման հարցը: Կուսակցությունն այդ հարցը քննարկել է եւ որոշել, որ պետք է նոր խորհրդարան: Ենի Ազերբայջանը դա հիմնավորվում է նրանով, որ գործող խորհրդարանը համարժեք չէ երկրի նախագահի վարած քաղաքականությանը: Ամբողջ հարցը թերեւս այն է, թե ո՞վ է երկրի նախագահը: Ֆորմալ առումով նախագահն իհարկե Իլհամ Ալիեւն է, բայց արդյոք նա է Ադրբեջանի դե ֆակտո նախագահը, թե՞ Ալիեւը արդեն տեւական ժամանակ Ադրբեջանի համանախագահն է՝ իշխանությունը մյուս «համանախագահ» Մերիբան Ալիեւային փոխանցելու անցումային շրջանում:

Եվ արդյոք Ադրբեջանի խորհրդարանը հենց նոր նախագահին չէ, որ պետք է դարձվի համարժեք: Անշուշտ հնարավոր է դիտարկել խորհրդարանի արտահերթ ընտրության նախաձեռնության ամենատարբեր վարկածներ: Ադրբեջանում խորհրդարանի ընտրություն պետք է տեղի ունենար 2021 թվականին: Պետք չէ բացառել, որ Ալիեւը նախընտրում է իրականացնել արտահերթ ընտրություն, հերթական ընտրությանը պատրաստվող ընդդիմությանն անակնկալ մատուցելու եւ ժամանակ չթողնելու համար:

Սակայն, Ադրբեջանի ներքաղաքական իրողություններն ըստ ամենայնի զարգանում են ոչ թե ներսի, այլ արտաքին իրավիճակից բխող տրամաբանությամբ, ինչի մասին վկայում է նաեւ այն, որ Ադրբեջանի նախագահը վերջին օրերին բավական տարօրինակ հայտարարություններ է արել նաեւ Նախիջեւանի առնչությամբ, կրճատելով ինքնավար այդ հանրապետությանը հատկացվող կենտրոնական օգնությունը 20 տոկոսով: Ալիեւի հոգսը կամ մտահոգությունն ըստ ամենայնի ընդդիմությունը չէ, այլ գուցե ավելի շատ ներիշխանական իրավիճակը, մասնավորապես կլանների «ռոտացիան» եւ հարաբերությունը Ադրբեջանում իշխող կլաններից երկրորդի՝ «խնամի Փաշաեւների» հետ, որոնց դուստրը օրերս առաջին փոխնախագահի պաշտոնում առաջին պաշտոնական այցը կատարեց Մոսկվա, դրա համար շնորհակալություն հայտնելով նախագահ Պուտինին:

Ու հատկանշական է, որ Մեհրիբանի Մոսկվա այցից հետո է Ադրբեջանի իշխող կուսակցությունը կայացնում խորհրդարանը ցրելու որոշում, ասելով, թե խորհրդարանը համարժեք չէ նախագահի քաղաքականությանը: Ինչու՞ հանկարծ: Պատճառը թերեւս այն է, որ նախագահի քաղաքականությունն էլ համարժեք չէ միջազգային իրադրությանն ու տրամաբանությանը, այդ թվում Բաքվի համար առանցքային՝ արցախյան գործընթացում, որտեղ Ալիեւը հայտնվել է ակնհայտ փակուղում, իր իսկ ռազմական շանտաժի ու քաղաքականության հետեւանքով:

Եթե նա փակուղու բախվեց 2016-ի ապրիլին՝ բախվելով հայկական զինուժին, ապա 2018-ի հայաստանյան ապրիլի հետեւանքով փակուղին էլ ավելի է խորացել: Ալիեւին այլ բան չի մնում, քան սկսել կամ պատերազմ, կամ իշխանության հանձնում: Ընդ որում, բացառված չէ, որ Ադրբեջանի իշխող համակարգում նրանից պահանջում են երկրորդը, հասկանալով առաջինի աղետալիությունը:

Միաժամանակ, այս իրավիճակում Հայաստանը պետք է շարունակի այն շեշտադրումները, որ թե Արցախի հարցի, ռեգիոնալ ռազմա-քաղաքական իրադրության, եւ թե պատերազմի համար գեոպատասխանատվության առումով անում է Նիկոլ Փաշինյանը: Այդ իմաստով հատկանշական է, որ այն օրը, երբ Ադրբեջանում հայտարարվել է խորհրդարանը ցրելու մասին, Բիշքեկում Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ նախագահների առաջ դրել է Արցախի ուղղությամբ պատերազմական ռիսկը չեզոքացնելու պատասխանատվությունը:

Նյութի աղբյուր՝ 8rd.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ