Լիանա Ոսկերչյանը «Միսս աշխարհում» պատմել է իր հիվանդության մասին, բայց չի ցանկանում խղճահարություն առաջացնել

«Միսս աշխարհ 2019»-ում Հայաստանի ներկայացուցիչ Լիանա Ոսկերչյանը պատմել է՝ ինչու է իր անձնական գաղտնիքի մասին խոսել այդ մրցույթի ընթացքում: Օրեր առաջ՝ «Միսս աշխարհի» փուլերից մեկում նա պատմել է, որ 3 տարի առաջ իր մոտ հայտաբերել են մաշկային խնդիր, որը կոչվում է վիտիլիգո: Այս հինադության հետեւանքով մաշկի որոշ հատվածներ գունազրկվում են: 20-ամյա գեղեցկուհու նման բացահայտումից հետո կարծիքներ են եղել, որ նա այդպես պարզապես փորձում է խղճահարություն առաջացնել:

«Բազմաթիվ կարծիքներ հնչեցին #headtoheadchallenge-ի շրջանակներում իմ խոսքի վերաբերյալ։ Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր ոգեւորում եւ աջակցում են ինձ: Դուք իմ ուժն ու ոգեշնչումն եք այս մրցույթում եւ առհասարակ կյանքում: Իսկ ինչ վերաբերում է իմ բարձրաձայնած խնդրին, ասեմ, որ դրա մասին խոսում էի առաջին անգամ, այն էլ այսքան մեծ լսարանի առջեւ (վիտիլիգոյի մասին չգիտեին անգամ իմ ընկերներից ու բարեկամներից շատերը, քանի որ ես այն խնամքով թաքցնում էի)։

Այնուամենայնիվ, եղան մարդիկ, ովքեր համարեցին սա խղճահարություն առաջացնելու եւ դրանով առաջ շարժվելու միջոց: Սա ինձ համար շատ ծանր թեմա է, եւ ես համարձակություն չեմ ունեցել դրա մասին խոսել տարիներ շարունակ, սակայն ես գիտակցում եմ՝ որքան կարեւոր է նման հարթակից դրա մասին բարձրաձայնելը, քանի որ իմ օրինակից ոգեշնչված եւ կոմպլեքսներից ազատված թեկուզ մեկ անձը ինձ համար արդեն հաղթանակ է: Լինելով այս «հիվանդության» կրողը՝ լավ գիտեմ դրա հետեւանքները, եւ հասկանալով, թե քանիսի կյանքը կարող է փոխել իմ խոսքը հենց այս հարթակից, միանշանակ որոշեցի չլռել»,- գրել է նա ֆեյսբուքի իր էջում:

Գրառմանը կից նա նաեւ տեսանյութ է հրապարակել, որում պատմում է՝ ինչպես է շպարվում: Պատմում է նաեւ իր հոբբիների՝ նկարելու, երաշտական գործիքներ՝ սաքսոֆոն, քանոն նվագելու մասին:

Ինչ վերաբերում է խնդրին մասին խոստովանելուն, ապա մրցույթի ընթացքում անկեղծ զրույցի ժամանակ նա պատմել է՝ ինչպիսի դժվարություննեի միջով է անցել: Նշել է, որ շրջապատի մարդկանց թվացել է, թե դա վարակիչ է: Ընդգծել է, որ հատուկ ուղերձ ունի մարդկանց:

«Վիտիլիգոն ինձ ստիպել էր անվստահ զգալ, որովհետեւ ողջ առաջին տարվա ընթացքում ես օրվա վերջում լրիվ այլ մարդու էի տեսնում հայելու առաջ, քանի որ բծերը մեծանում էին: Մարդիկ դրսում ուշադիր նայում էին ինձ ու շատ հարցեր էին տալիս, նույնիսկ երբ ավտոբուսում իմ կողքին նստած մարդիկ տեսնում էին բծերը, փոխում էին իրենց տեղը: Շատերը կարծում են, թե դա մաշկի վարակիչ հիվանդություն է, բայց այդպես չէ: Դա պարզապես մաշկի վիճակ է, որը քեզ յուրահատուկ է դարձնում:

Ես որոշեցի Հայաստանում գեղեցկության մրցույթի մասնակցել, որպեսզի ինքս ինձ ապացուցեմ, որ գեղեցիկ եմ: Եվ հիմա ես իմ վիտիլիգոյի հետ այստեղ եմ՝ աշխարհի 130 ամենագեղեցիկ աղջիկնեի կողքին: Եվ իմ ուղերձն աշխարհին այն է, որ յուրահատուկ լինելը չի նշանակում, որ գեղեցիկ չես: Գեղեցկությունը միայն արտաքինը չէ, դա նաեւ ներքին գեղեցկությունն է: Եթե քո ներաշխարհը գեղեցիկ է, ուրեմն գեղեցիկ է նաեւ արտաքինդ: Իմ ուղերձն է նաեւ, որ վիտիլիգո ունեցող մարդիկ պետք է ընդունված ու սիրված լինեն հասարակության կողմից: Մարդիկ պետք է ավելի տեղեկացված լինեն, պետք է սովորեցնեն իրենց երեխաներին, որպեսզի վատ չվերաբերվեն վիտիլիգո ունեցող երեխաներին»,- ասել է նա:

«Միսս աշխարհ 2019» անց է կացվում Լոնդոնում: Եզրափակիչը դեկտեմբերի 14-ին է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ