«ԱԱԾ-ն վանեցյանաբուծարան է. պետք է լյուստրացիա անել»․ Վարուժան Ավետիսյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարության անդամ Վարուժան Ավետիսյանը:

– Դուք կացնային փոփոխություններ եք առաջարկում:

– Կացնային արտահայտությունը կարող է խրտնեցնել, անհրաժեշտ են արմատական փոփոխություններ, վիրահատական միջամտություններ:

– Իշխանությունը չի կարող որևէ քայլ անել՝ հաշվի չառնելով իրավունքի պարտադրանքը:

– Իրավունքի պարտադրանքով պետք է անել, բայց ոչ կեղծ Սահմանադրության և ապօրինի օրենքների: Պետք է մաքրել, լույսը վառել, ազատել անցումները և նոր աշխատել, ոչ թե թողնել այդ վիճակում և անընդհատ գայթել ու սայթաքել, ինչը հիմա տեղի էունենում:

– …ԱԱԾ նախկին տնօրենին դուք հեղափոխական թիմի անդամ համարե՞լ եք:

– Ո՛չ, ԱԱԾ նախկին տնօրենին չեմ կարող հեղափոխական թիմի անդամ համարել, ընդհանրապես ԱԱԾ-ն ներկայացնող բարձրաստիճան պաշտոնյան չի կարող լինել հեղափոխական թիմի անդամ, նա հակահեղափոխական վիրուս է՝ պետական կառավարման համակարգում, այն գործընթացում, որը փորձում է գործող իշխանությունն իրականացնել, այսինքն՝ ինչ-որ ձևով՝ փափուկ, դանդաղ և սահուն փոփոխություններ իրականացնել: Այդ համակարգն իրեն պետք է դրսևորի, դա օտար պետության ծառայության ստորաբաժանում է Հայաստանի Հանրապետության պետական օրգանիզմում:

– Այսինքն՝ կարևոր չէ, թե այսօր ով կղեկավարի ԱԱԾ-ն:

– Անշուշտ, ԱԱԾ-ն վանեցյանաբուծարան է: Կապ չունի՝ ով է ղեկավարում այդ կառույցը, միևնույն է՝ Վանեցյանի տեսակն է ղեկավարում, այդ համակարգը բուծում է այդպիսի մարդկանց, ուրիշ տեսակի մեկը չի կարող լինել: Ներքին օղակներում կարող են լինել, բայց եթե պետական համակարգի ենթահամակարգերում, իրենց գործառույթներից ելնելով, ուղիղ կերպով առնչվել են իշխանության և պետության զավթման, ժողովրդի կեղեքման հետ, ապա որոշակի մակարդակից վերև նորմալ արժեքներ դավանող մարդ չէր կարող լինել, պատահաբար կարող էր այնտեղ մարդը հայտնվել, բայց նա կա՛մ պետք է դառնար այդ ամբողջի մի մասը՝ հոմոգենացվեր, կա՛մ պետք է դուրս մղվեր: Կա որոշակի մակարդակ, այդ մակարդակը տարբեր ոլորտներում տարբեր է, ոստիկանությունում և ԱԱԾ-ում շատ ներքևից է, իսկ, օրինակ, պաշտպանության բնագավառում վերևի օղակն է միայն այդպիսին, այն էլ բացառություններ են լինում, գործառույթները, նպատակներն են դա թելադրում, ասենք՝ էկոնոմիկայի նախարարության ոլորտում դա կարող էր միայն վերին օղակում և մասնակի լինել, իսկ հարկայինում՝ ներքևից վերև շերտավորված պետք է լիներ…, եթե պետական կառավարման մարմինները շարենք իրար կողքի, կորը ուղիղ գիծ չի լինելու, այլ տարբեր ուրվագիծ է ունենալու, դա ինչ-որ առումով լավ է, քանի որ ամբողջը չէ, որ այդ աստիճան նեխած է:

– Այսինքն՝ դուք այդ կորի վրա կարողանում եք տեսնել և՛ հներին, և՛ նորերին՝ ով որտեղ է զբաղեցնում:

– Անշուշտ: Եթե որևէ մեկը պետական կառավարման համակարգին ծանոթ է, շատ հեշտությամբ կարող է ասել, թե այդ կորը որ ոլորտում որ սանդղակային մակարդակով է անցնում: Որքան հասկանում եմ, այդպիսի խորքային պատկերացումներ ունեցող մարդիկ առկա իշխանության մեջ, համենայնդեպս իշխանության գալու պահին, չեն եղել, հիմա պետք է որ լինեն, որովհետև մեկուկես տարին քիչ չէ, եթե մարդիկ ուշադիր հետևեին համակարգին, կարող էին դա տեսնել:

Նյութի աղբյուր՝ Առաջին Լրատվական

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ