Մանրամասներ երեխաների ապօրինի որդեգրման դեպքից. կա ձերբակալված

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը SHANTNEWS.am-ին տեղեկություններ է հաղորդել երեխաների ապօրինի որդեգրման դեպքերով հարուցված քրգործի վերաբերյալ:

«ՀՀ Քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության վարույթում օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում, խնամքը ստանձնելու նպատակով երկու երեխայի առքը կազմակեպելու փորձի կասկածանքով ձերբակալվել է Երևան քաղաքի 1976 թվականին ծնված բնակիչը: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- տեղեկացրել է նա:

Հիշեցնենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն արդեն իսկ հանդես է եկել պաշտոնական հաղորդագրությամբ, որ բացահայտել է ՀՀ օրենսդրության կոպիտ խախտմամբ բազմաթիվ երեխաների որդեգրման դեպքեր, ինչի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով:

Հաշվի առնելով նշված առերևույթ հանցագործության և ընթացող նախաքննության հանդեպ հանրության հետաքրքրությունը՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հարկ է համարում հայտնել, որ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ս.թ. հոկտեմբերի 26-ին հարուցված վերոհիշյալ գործը, քրեադատավարական նորմերի խստիվ պահպանմամբ, ՀՀ գլխավոր դատախազության միջոցով ս.թ. նոյեմբերի 12-ին փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտե՝ ըստ քննչական ենթակայության նախաքննությունը շարունակելու համար։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ