Հեղափոխությունն արագ հոդս է ցնդում, երբ հեռու է մնում իրականությունից: Երբ խոստումը հեռու է մնում իրականությունից, խոր անջրպետ է առաջանում ժողովրդի եւ իշխանության միջեւ, ինչը հղի է անկանխատեսելի վտանգներով: Այդ մտքի հեղինակը Վերնատուն հասարակական-քաղաքական ակումբի կամ ՀՀԿ որեւէ անդամ չէ: Գրառման հեղինակը Մեծի ՏանՆ Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինն է:
Արամ Առաջինը չի մանրամասնել, թե հատկապես ինչ հեղափոխության, որ հեղափոխության մասին է խոսքը: Օրինակ Լիբանանում, որտեղ Արամ Առաջինի կաթողիկոսական աթոռն է, ծավալվում են հեղափոխական զարգացումներ, ընդ որում բախումնային սցենարով: Արդեն մի քանի օր Լիբանանում բավականին թեժ է եւ վտանգավոր: Արդյոք Արամ Առաջինի գրառումը «բխում» է լիբանանյան իրողություններից:
Այդուհանդերձ, դրա տոնայնությունն ավելի շատ բխում է «կատարված» հեղափոխության փաստից ու տպավորություն է, որ առնվազն թվիթերյան գրառման մակարդակում Արամ Առաջին կաթողիկոսին հուզողը ոչ թե «լիբանանյան հեղափոխությունն» է, այլ որեւէ այլ հեղափոխություն, բայց թերեւս ոչ «էքզիստենցիալ» իմաստով:
Արդյո՞ք խոսքը Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության մասին է: Բայց, այդ դեպքում ինչու՞ է Վեհափառը անորոշ, անհասցե իր գրառման մեջ: Կամ գուցե նրա ակնկալիքն այն է, որ բոլորն ամեն ինչ շատ լավ հասկանում են: Բայց այդ պարագայում էլ արդյոք սխալված կլինեն նրանք, ովքեր գրառումը կհասկանան ընդամենը որպես Հայ Հեղափոխական Դաշնակցությանն աջակցության պարզ փորձ, հաշվի առնելով այն ասոցացումը, որ կա Անթիլիասի կաթողիկոսական աթոռի եւ ՀՅԴ միջեւ:
Այդ դեպքում, հեղափոխության ապագայի փոխարեն, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսին չպե՞տք է հուզի այն, որ կաթողիկոսական ձեւաչափում ավելի շատ կուսակցական բնույթ հիշեցնող ակցիաներով կարող է արժեզրկվել կամ առնվազն ստվերվել շատ ավելի կարեւոր մի բան, որի չափազանց նշանակալի խորհրդանիշներից մեկն է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը, որն ինքն է տարբեր այլ առիթներով հանրության ուշադրությունը հրավիրել շատ ավելի համազգային եւ օրակարգային խնդիրների վրա:
Որովհետեւ Հայաստանում գործնականում չկա հեղափոխություն, խոստում եւ իրականություն ճգնաժամ, համենայն դեպս անկանխատեսելի վտանգների մասին ահազանգելու մակարդակի: Դա ամենեւին չի նշանակում, որ կա հեղափոխություն, խոստում եւ իրականություն իդեալական հարմոնիա: Բայց, գործնականում այդ հարմոնիան պետք էլ չէ, որովհետեւ այն պետք է լինի ժողովրդի եւ Աստծո, եւ ոչ թե ժողովրդի ու իշխանության միջեւ:
Ժողովրդի եւ իշխանության միջեւ պետք է լինի քննարկում, հարցադրում, որից պետք է ծնվի քաղաքական մրցակցությունը, իսկ դրանից՝ հանրային շահի սպասարկման համար քաղաքական պայքարը, որպես արդիականացման ուղի:
Նյութի աղբյուր՝ lragir.am