Այս տարվա հոկտեմբերին շահագործման հանձնվեց «Մեգամոլ Արմենիան»: Այն Երևանի ամենամեծ մոլն է իր տարածքով (98 հազար քմ) ենթակառուցվածքներով և նախատեսված գործառույթներով: Առևտրի կենտրոնը կապվում է գործարար, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի անվան հետ:
MAMUL.am-ը Երևանի քաղաքապետարանից հետաքրքրվեց, թե կադաստրային ի՞նչ արժեքով է Նոր Նորքի նախկին շուկան վաճառվել գործարար Սամվել Ալեքսանյանին: Այստեղից մեր հարցմանն ի պատասխան ասացին, որ քանի որ շուկան համայնքային սեփականություն չի եղել, իրենք նման տեղեկատվության չեն տիրապետում: Խորհուրդ տվեցին դիմել Կադաստրի պետական կոմիտե: Այստեղից էլ մեր գրավոր հարցմանն ի պատասխան նշեցին. «Անշարժ գույքի օտարումն իրականացվում է շուկայական արժեքի հիման վրա, որն իրականում տարբերվում է անշարժ գույքի կադաստրային արժեքից: Տեղեկատվությունը փաստաթղթերից պատճենների ձևով առանց այդ իրավունքների իրավատերերի, գրանցված իրավունքների դեպքում՝ գրանցված իրավունքների սուբյեկտների համապատասխան համաձայնության, տրամադրվում է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված մարմիններին և անձանց»: Այսինքն՝ տեղեկատվությունը չորրորդ իշխանությանը հասանելի լինել չի կարող:
Պատկան մարմիններից չստանալով տեղեկատվություն փորձեցինք այլ տարբերակներ։
Քաղաքապետարանի պաշտոնական կայքում մեր որոնումները արդյունք տվեցին: Թեպետ շուկան Երևան համայնքի սեփականություն չէ, սակայն դրան հարակից տարածքները համայնքինն են, և դրանց վերաբերյալ Երևանի քաղաքապետը որոշումներ է ընդունել:
Այսպես՝ Երևանի քաղաքապետի 2014թ. հուլիսին ընդունած որոշմամբ՝ Սաֆարյան փողոցի հ.14/2 հասցեում գտնվող «ԷՅ ԸՆԴ ՓԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ին պատկանող խանութ-տաղավարի զբաղեցրած` 32.3քմ մակերեսով հողամասը ուղղակի վաճառքի ձևով օտարվել է «Էյ Ընդ Փի Գրուպ» ՍՊԸ-ին: Դրա հիմնադիրը, ըստ պետռեգիստրի, Ս. Ալեքսանյանի քրոջ որդին է: Ըստ որոշման՝ հողամասը վաճառվել է տարածագնահատման 7-րդ գոտու կադաստրային արժեքով, որը կազմում է 146 հազար 125 ՀՀ դրամ:
Մեկ այլ որոշմամբ՝ Գայի պողոտայի հ.14/6 հասցեում գտնվող, նույն ընկերությանը պատկանող կրպակի զբաղեցրած՝ 7.2քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարվել է տարածագնահատման 6-րդ գոտու կադաստրային արժեքով՝ 50 հազար 112 ՀՀ դրամով:
Հասցեների տարբերությունն էլ բացատրվում է նրանով, որ ընկերությունը Գայի պողոտա-Սաֆարյան փողոց հատման վայրում է:
Հողամասի տրամադրման մեկ այլ որոշում էլ ընդունվել է 2016թ. հունվարին: Ըստ այդմ՝ «Էյ Ընդ Փի Գրուպ» ընկերությանը պատկանող հողամասին կից հատվածից ընդլայնման նպատակով, ուղղակի վաճառքի միջոցով լրացուցիչ հողամաս է տրամադրվել: Դրա փաստացի մակերեսը 1172.98 քմ է: Տարածագնահատման 6-րդ գոտում գտնվող այդ հողամասը վաճառվել է 8 միլիոն 163 հազար 941 ՀՀ դրամ կադաստրային արժեքով: Հողամասի գործառնական նշանակությունն էլ սահմանվել է «հասարակական կառուցապատման»: Երևանի քաղաքապետի անունից հողօգտագործողի հետ հողամասի առքուվաճառքի պայմանագրի կնքումն էլ լիազորվել է անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին:
Ահա այսպիսի կադաստրային արժեքներով հողամասների ձեռքբերմամբ ծաղկում է Լֆիկ Սամոյի (Սամվել Ալեքսանյանի) նորաբաց բիզնեսը: Հավելենք նաև, որ «Մեգա Մոլի» կառուցապատումն իրականացվել է հենց «ԷՅ ԸՆԴ ՓԻ ԳՐՈՒՊ» ընկերության միջոցով: